Հասարակություն

Հայաստանը` առավել վտանգավոր անապատացվող երկրների շարքում

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Հայաստանը դասվում է առավել վտանգավոր անապատացվող երկրների շարքին, որին նպաստում է սոցիալ տնտեսական անկայուն իրավիճակը: Անտառահատություն, հողերի անգրագետ մշակություն, հանքավայրերի և ստորգետնյա ջրերի անխնա օգտագործում, մի շարք մարդածին գործոններ, որոնք բացի բնական ճանապարհից ներգործելով նպաստում են մեր երկրի անապատացմանը:

Բնական և մարդկային տարբեր գործոնների ազդեցությամբ պայմանավորված  Հայաստանը գտնվում է անապատացման վտանգի տակ: Հողերի 80 տոկոսից ավելին անապատացման եզրին է, սկսած ցածրադիր գոտիներից մինչև բարձր լեռնային տարածքները: Հողերի  30 տոկոսն  առավել խիստ անապատացված են և միայն 20 տոկոսն է զերծ դրանից: Այս եզրակացությանն են հանգել գիտնականները երկար տարիներ ուսումնասիրելով մեր երկրի լանդշաֆտային  գոտիների ռելիեֆային կառուցվածքը:  Աշխարհագրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Խոյեցյանի փաստարկով  բնակլիմայական  և ռելիեֆային առանձնահատկություններից ելնելով անապատացումը Հայաստանում  տարբեր  ձևերով  է արտահայտված:

Արաարտյան դաշտավայրում անապատացման ամենամեծ գործոնը հողերի աղակալումն է, որը հողերի մասնավորեցումից հետո սխալ մշակման արդյունք է:  Արարատյան դաշտավայրում 30 հազ հեկտար հողեր աղակալված են, որից 50 տոկոսը` երկրոդային աղակալված, իսկ միջին և ցածր լեռնային գոտիներում և մեծ թեքություններում  հողերը էռոզիայի են ենթարկվել: Հոսող ջրերի շնորհիվ միլիոնավոր տոննաներով բերրի հող է տեղափոխվում մեր հանրապետությունից դուրս դեպի հարևան երկիր:  Անտառահատումները պատճառ դարձան հեղեղներին և հողը չկարողացավ պահել իր  խոնավությունը:

Եթե ստորգետնյա ջրերի մակարդակի բարձրացման պատճառով Արարատյան դաշտավայրում հողերը ենթարկվում էին կրկնակի աղակալման, ապա այժմ ընդերքի ջրերի իջեցման հետևանքով այլ երևույթներ են առաջ գալիս:  Կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Բալոյանը նշեց, որ հողի վերին շերտերը չեն ստանում անհրաժեշտ քանակի ջուր, որը պատճառ է դառնում ավելի շատ ոռոգման ջրի օգտագործմանը:

Ստորգետնյա աղբյուրների ցամաքեցման հետևանքով տուժել է նաև Այղր լիճը, որտեղ սկսվել է ճահճացման գործընթաց:  Հողերի աղակալումը նվազեցվում է լվացմամբ, բայց  հիմա ջրային պաշարները սուղ են: Հողերի ճիշտ  մշակությունը անապատացման դեմ պայքարի գործոններից մեկն  է, սակայն Արարատյան դաշտավայրի սնմնդազրկված հողերը հարստացվում են օրգանական և հանքային պարարտանյութերով ու բուժվում թունաքիմիկատներով: Հողը նիտրատներից չզրկելու համար, պետք է ցանքաշրջանառություն կատարել թիթեռածաղկավորների ընտանիքի մշակաբույսերով:

Ինչևէ անապատացումը սպառնում է մեր հողերին և պետք է պայքարել դրա դեմ, իսկ լավագույն միջոցը մարդու և բնության ներդաշնակ համերաշխությունն է,գիտակցված կամ անգիտակից  բնությանը վնաս չպատճառելը  շահադիտական նպատակներից ելնելով:

 

Back to top button