Հասարակություն

Լիոնում բացվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը

Հուլիսի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ռոն-Ալպի պրեֆեկտ Ժան-Ֆրանսուա Կարենսոն, Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբը, Ռոնի գլխավոր խորհրդի նախագահ Դանիել Շուզեվիլը կատարել են Լիոնում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի խորհրդարանականներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը։

Միջոցառմանը հանդես գալով ողջույնի խոսքով` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարևորել է Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը՝ ընգծելով, որ Լիոնը և Ռոն-Ալպի տարածաշրջանը կարևոր դերակատարություն ունեն հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների և բազմաբովանդակ համագործակցության զարգացման գործում։

«Լիոնում հայերի ներկայության մասին առաջին հիշատակումները գալիս են դեռ միջնադարից. սկզբում` վաճառականները, այնուհետև մետաքս արտադրող հայերը հաստատվել և արարել են այս տարածաշրջանում»,- ասել է նախարար Նալբանդյանը։

«Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայեր, հայտնվելով Մարսելում, բարձրացան Հռենոսի հունով և երկրորդ հայրենիք գտան Լիոնում, Վալանսում, Գրենոբլում, Վիենում, Ռոմանում, Վիլյորբանում, Սենտ-Էտյենում, Դեսինում, Սենտ-Շամոնում և այլուր։ Նրանք ինտեգրվեցին ֆրանսիական հասարակությանը և իրենց նպաստը բերեցին և շարունակում են ներդրում ունենալ Ռոն-Ալպի և նրա քաղաքների զարգացմանը։

Այսօր Լիոնն ու Ռոն-Ալպի տարածաշրջանը՝ իր հայկական եկեղեցիներով, հուշարձաններով, դպրոցներով, մշակութային և մարզական կենտրոններով, վկայում են հայերի ինտեգրման բարձր մակարդակի, միևնույն ժամանակ` Հայաստանի հետ կապվածության մասին։

Այս տարածաշրջանում հայերին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հարյուրավոր հուշարձաններ, հրապարակներ, փողոցներ ու խաչքարեր կան։ Ես ջերմությամբ եմ հիշում Լիոնի քաղաքապետի հետ միասին 2006թ. ապրիլին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի բացման հուզիչ արարողությունը»,- ասել է Նալբանդյանը։

Նախարարը երախտագիտություն է հայտնել Լիոնի և Ռոն-Ալպի մարզային, շրջանային և համայնքային իշխանություններին, հայկական կազմակերպություններին, ծագումով հայ քաղաքացիներին` շարունակական աջակցության և հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում կարևոր ներդրման համար։

Շնորհավորելով ներկաներին գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ այն՝ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի ղեկավարությամբ, իր կարևոր ներդրումը կունենա հայ-ֆրանսիական փոխհարաբերությունների զարգացման և խորացման գործում։

Գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը ելույթներով հանդես են եկել Ռոն-Ալպի պրեֆեկտ Ժան-Ֆրանսուա Կարենսոն, Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբը, Ռոնի գլխավոր խորհրդի նախագահ Դանիել Շուզեվիլը, որոնք բարձր են գնահատել Լիոնում գլխավոր հյուպատոսության բացման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների որոշումը՝ վստահություն հայտնելով, որ այն նոր որակ և թափ կհաղորդի հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանը՝ Լիոնի և Ռոն-Ալպի այլ բնակավայրերի և նրանց հայաստանյան գործընկեր քաղաքների միջև կապերի առավել ամրապնդմանն ու ընդլայնմանը։
Ելույթներից հետո Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո գլխավոր հյուպատոսության շենքի առջև բարձրացվել է ՀՀ պետական դրոշը, այնուհետև Էդվարդ Նալբանդյանը, Շառլ Ազնավուրը, Ժան-Ֆրանսուա Կարենսոն, Ժերար Կոլոմբը, Դանիել Շուզեվիլը և Նիկոլայ Սարկիսովը կտրել են խորհրդանշական կարմիր ժապավենը։
Գլխավոր հյուպատոսության բացման արարողությունը լայնորեն լուսաբանվել է լրատվամիջոցների կողմից։

Back to top button