ԿարևորՀասարակություն

Գնահատականը պետք է տա հանրությունը. վարչապետը կառավարության 100 օրվա մասին

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի

Աշխատանքային այցով այսօր Գյումրիի նորակառույց «Մուշ 2»  թաղամասում էր Հովիկ Աբրահամյանի ղեկավարած պատվիրակությունը։ Այցի նպատակն էր՝ ծանոթանալ հանրապետության նախագահի սոցիալական բնակարանաշինության ծրագրով «Մուշ-2» թաղամասերում կառուցված 1756 բնակարանի շահառուներերի ու Գյումրիի անօթեւանների խնդիրներին, որոշել՝ լուծման ուղիները։

«Հանրապետության նախագահի հանձնարարությամբ 2008 թ. սկսած 81 մլրդ 500 մլն դրամին համարժեք ներդրում է իրականացվել Գյումրի քաղաքում: Ես տեսել եմ 2005-2006թթ. պատկերը՝ այն տնակների բանակը, որ կար Գյումրիում:Այսօր այս հարցը լուծված է, սակայն այնպես է ներկայացվում, կարծես ոչինչ չի արվել: Դուք ինքներդ ականատես եղաք, որ դժգոհությունն ասֆալտի որակից էր, կամ մի քար էր պոկվել ճակատային մասից, կամ ինչ-որ տեղ ջուր է կաթում: Ես հանձնարարեցի, որ այդ թերությունները շինարարները շատ արագ վերացնեն, իսկ հսկողությունը կիրականացնեն ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, Շիրակի մարզպետարանը և Գյումրու քաղաքապետարանը: Ամեն դեպքում՝ շինարարության որակը գնահատում եմ լավ, քանի որ, իրոք, գործ արվել է: Այժմ մնում է սեփականության վկայականների խնդիրը լուծել»,- ասաց վարչապետը՝ ծանոթանալով  թաղամասում իրականացված շինարարությանը, լսելով բնակիչների բողոքները։

Աշխատանքային այցի շրջանակներում օրակարգի հաջորդ կարեւոր հարցը գյումրեցի անօթեւանների ցուցացի հստակեցումն ու բնակարանով ապահովումն էր։ «Մենք պետք է քննարկենք 430 նոր բնակարանի շինարարության հարցը, որովհետև այստեղ կան ազատ բնակարաններ, միգուցե այլ տարբերակ ընտրենք, իսկ եթե ոչ, ապա շենքը կկառուցենք: Եթե եղավ բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) ծրագիրը, կփորձենք այն իրականացնել, և եթե կան ազատ բնակարաններ, նորը կառուցելն անիմաստ է: Բայց անպայման հարցին լուծում կտանք և մարդիկ բնակարան կունենան»։

Անդրադառնալով իր պաշտոնավարման 100 օրվա արդյունքներին՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կառավարության նոր կազմի գործունեության առանցքում նախ եւ առաջ քաղաքացիների խնդիրներին շուտափույթ լուծում տալու տեսանելի քայլերն են եւ ոչ թե խոստումները։ «Գնահատականը պետք է տա հանրությունը, մեր գործընկերները:Պետք է հասկանալ, որ մենք չենք կարող 100 օրում բոլոր խնդիրներին լուծում տալ, բայց մեր թիմը՝ նոր կառավարությունը, անում է ամեն ինչ այդ ուղղությամբ: Դրա համար ժամանակ և ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ: Մեր մոտեցումը հետևյալն է՝ կոնկրետ հարցին տալ կոնկրետ  լուծում, ոչ թե անընդհատ քննարկել: ՀՀ կառավարության  ծրագրում հստակ ներկայացվել են մեր թիրախները և առաջնահերթությունները: Մեզ համար առաջնահերթությունը մեր քաղաքացին է և նրան բարեկեցիկ կյանքով ապահովելը»։

Հանդիպման ավարտին կառավարության ղեկավարը աշխատանքային խորհրդակցություն հրավիրեց Շիրակի մարզպետարանում՝ գյումրեցիներին հուզող հարցերին տեղական իշխանությունների հետ քննարկման արդյունքում լուծումներ գտնելու նպատակով։

Back to top button