«Արեալ» արագացուցիչն այլեւս իրականություն է


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
«Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում այսօր տեղի է ունեցել «Արեալ» գծային արագացուցչի բացման արարողությունը: Ժամանակակից արագացուցիչը բացառիկ երևույթ է և մեծ հերոսություն, արարողության ժամանակ նշել են «Քենդլ» հիմնադրամի գործադիր տնօրեն Վասիլի Ցականովն ու Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նրանք նաև հայտնել են, որ Հայաստանն առաջիկա տարիներին կդառնա Եվրոպական արագացուցչային ցանցի անդամ, ինչը նշանակում է, որ մենք այս համակարգով մտնում ենք եվրոպական գիտակրթական տարածք և եվրոպական ծրագրերի մի մասը կպատվիրվի Հայաստանում։
Դեռևս 2008 թվականին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում՝ Հայաստանում «Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի հիման վրա միջազգային կենտրոն ստեղծելու մասին: «Քենդլ» նախագծի իրագործման ուղիների վերաբերյալ միջազգային փորձագետների հետ կառուցողական քննարկումների արդյունքում, ինչպես նաև, հաշվի առնելով միջազգային փորձը, 2011թ. առաջարկվեց «Քենդլ» նախագծի փուլային իրագործում:
Այն միջազգային հանրությանը կփաստեր ժամանակակից արագացուցչային ծրագիր իրագործելու Հայաստանի ունակության մասին: «Քենդլ»նախագծի 1-ին փուլը պետք է դառնար «Արեալ» գիտահետազոտական գծային արագացուցչի կառուցումը: Այսօր արդեն «Արեալ» արագացուցիչն իրականություն է:
Ներկայացնելով արագացուցչի կարևորությունը`«Քենդլ» հիմնադրամի գործադիր տնօրեն Վասիլի Ցականովը փաստեց նախագծի առաջին փուլի բարեհաջող ավարտի մասին և նշեց, որ Հայաստանը կառուցեց ժամանակակից արագացուցիչ, ինչը բացառիկ երևույթ է եւ ոչ միայն տարածաշրջանում: Նշենք, որ Գերմանիայի և Շվեյցարիայի արագացուցչային կենտրոնները ինստիտուտին տրամադրել են գերժամանակակից սարքավորումներ, որոնք հնարավորություն են տվել կառուցել ժամանակակից արագացուցիչ:
Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը արագացուցիչ ստեղծումը համարում է մեծ հերոսություն: Տարածաշրջանում նմանատիպ 2-րդի մասին կոմիտեի նախագահը չգիտի։ Հայաստանում բնական գիտություններով զբաղվող գիտական հիմնարկներն արդեն իսկ հետաքրքրված են այս լաբորատորիայով: Արագացուցչով իրականացվող առաջին 5 ծրագրերը ֆինանսավորվելու են նոյեմբերից, հայտնեց Գիպետկոմի նախագահը: Նա նաև հայտնեց, որ Հայաստանն առաջիկա տարիներին կդառնա Եվրոպական արագացուցչային ցանցի անդամ, ինչը նշանակում է, որ մենք այս համակարգով մտնում ենք եվրոպական գիտակրթական տարածք և եվրոպական ծրագրերի մի մասը կպատվիրվի Հայաստանում:
Այս ծրագրի մոտավոր արժեքը, փորձագետների գնահատմամբ, կազմում է մոտավորապես 20 մլն եվրո, իսկ ՀՀ-ն ծախսել է 320-350 միլիոն դրամ, մնացածը եվրոպացի գործընկերների եւ գիտական կապերի, նվիրատվության շնորհիվ է եղել, նշեց Սամվել Հարությունյանը: