ԿարևորՔաղաքական

Վիրահայոց թեմ. Հայատյացությունը մեղմանալու փոխարեն ավելի է սրվում

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի

Վիրահայոց թեմի ներկայացուցիչները մտահոգված են, որ հայատյացությունը Վրաստանում մեղմանալու փոխարեն ավելի է սրվում: Շաբաթ օրը երեկոյան մոտ 50 հոգի հարձակվել է Թբիլիսիի սուրբ Էջիածին եկեղեցու հոգևորականների ու թեմի աշխատակիցների վրա, ծեծի ենթարկել ու ազգային բնույթի հայհոյանքներ տվել: Միջադեպը աժմ քննում է Վրաստանի ՆԳՆ- ն։

Շաբաթ օրը Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող սուրբ Էջմիածին եկեղեցին ավանդույթի համաձայն մարդաշատ էր: Բազմաթիվ հավատացյալներ են այցելում հիշյալ եկեղեցի, որը այսօր Թբիլիսիիում միակ գործող հայկական եկեղեցին է: Այդ օրը նաև մկրտության արարողություն էր, որի մասնակիցները դուրս գալով եկեղեցու դեմ իրականացված հարձակման ականատեսն են եղել։։

Մի վրացուհի եկեղեցու պարսպի մոտ կայանել է իր մեքենան և չի կարողացել այն դուրս բերել՝ խոչընդոտող այլ մեքենաների պատճառով: Նրան օգնություն են առաջարկել Հայ Եկեղեցու հոգևորականը և թեմի աշխատակիցները, սակայն կինը մերժել է ու վիրավորել իրեն օգնություն առաջարկողներին: Դրանով չսահմանափակվելով՝ հավաքել է 50 հոգու ու հարձակվել եկեղեցու հոգևորականի ու աշխատակիցների վրա: Թեմի իրավական հարցերով և համագործակցության բաժնի տնօրեն Լևոն Իսախանյանը վնասվածքներով դիմել է հիվանդանոց։ «Բարեբախտաբար՝ բժիշկներն ասացին, որ լուրջ խնդիրներ չկան»,- ասում է նա։ Իսախանյանը նշեց, որ ոստիկանությանն են փոխանցել իրենց մոտ եղած բոլոր նյութերը` խնդրելով գործի քննության ընթացքում ուշադրություն դարձնել բոլոր փաստերին։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, սակայն, համարում է, որ տեղի ունեցածը ազգամիջյան բնույթ չի կրել: Քննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածի հատկանիշներով՝ «վնասվածքներ հասցնելը»: Թեմի մամուլի հարցերով պատասխանատու Սուսաննա Խաչատրյանը նշում է` երբ այդքան մարդ հարձակվում է չորս հոգու վրա, դա նշանակում է ծրագրված է, կա մտադրություն։ «Նրանք վիրավորում էին մեր ազգը, մեր ժողովրդին, մեր եկեղեցին: Մենք աննամուս ենք, մենք մարդ չենք։ Նման կարգի հայհոյանքներ էին տեղում: Սա յուրաքնչյուր հայի արժանապատվությունն է վիրավորում»։

Ըստ թեմի հաղորդագրության՝ այս ամենը Վրաստանի շատ եկեղեցիներում, երբեմն նաև լրատվությամբ, կենցաղային մակարդակով Հայ Եկեղեցու և ընդհանրապես հայության հանդեպ սերմանվող ատելության արդյունք է։ «Ցավալի է, որ բազմազգ Վրաստանում նման միջադեպեր են տեղի ունենում: Հայատյացությունը մեղմանալու փոխարեն ավելի է սրվում»։

Վիրահայոց թեմը կոչ է արել Վրաստանի իրավապահ մարմիններին համապատասխան գնահատական տալ տվյալ գործողություններին և հետաքննել դրանք՝ որպես կրոնական և ազգային հողի վրա իրականացված հանցագործություն, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Վրաստանում ազգային և կրոնական նշաններով ցանկացած պառակտում կանխելու նպատակով։

Back to top button