ԿարևորՀասարակություն

Մայր աթոռը դատապարտել է սբ. Էջմիածնում տեղի ունեցած միջադեպը

Հուլիսի 19- ին Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ այսօր հայտարարությամբ է հանդես եկել Մայր աթոռը։ Հայ առաքելական սուրբ եկեղեցին դատապարտել է տեղի ունեցած միջադեպը։

«Վիրահայոց Թեմի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ սույն թվականի հուլիսի 19-ին, Թբիլիսիում, ծայրահեղ ազգայնական տրամադրված շուրջ 50 անձանց կողմից ոտնձգություն է կատարվել Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու նկատմամբ, որի ընթացքին անարգալից ու հայհոյական արտահայտությունների ուղեկցմամբ ծեծի են ենթարկվել եկեղեցու սպասավոր Տ. Մանուկ քահանա Զեյնալյանը, թեմի պաշտոնյաներ և այդ պահին եկեղեցում գտնվող հայ հավատացյալներ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խորը մտահոգությունն է հայտնում կատարվածի առնչությամբ և դատապարտում ազգային թշնամանք և կրոնական անհանդուրժողականություն հրահրող այս գործողությունը: Սադրիչ սույն ոտնձգությունը ցավալի հետևանքն է վերջին տարիներին Վրաստանում տարբեր կազմակերպությունների ու անհատների` այդ թվում վրաց որոշ հոգևորականների կողմից տարածվող հակահայկական տրամադրությունների։

Ծայրահեղական նման դրսևորումները անհարիր են հայ և վրաց ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ոգուն, որը պատմական մեր ընդհանուր անցյալի թանկ ձեռքբերումներից է:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ակնկալությունն է, որ Վրաստանի իշխանությունները պատասխանատվության ենթարկեն եկեղեցու հանդեպ ոտնձգություն կատարած բոլոր անձերին և ապահովեն Վրաստանում Հայ Եկեղեցու և հայ համայնքի անվտանգությունն ու կյանքի բնականոն ընթացքը»,- ասված է Մայր աթոռի տարածած հայտարարության մեջ։

Back to top button