Հասարակություն

Համաճարակային վիճակը համեմատաբար հանգիստ է

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Շոգ, առատ բանջարեղեն, հիգիենայի նկատմամբ ոչ լիարժեք ուշադրություն։ Աղիքային վարակիչ հիվանդությունները «ծաղկում» են ապրում, զգուշացնում է առողջապահության նախարարության համապատասխան մասնագետը: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի բաժնի պետ Լիանա Թորոսյանի տեղեկացմամբ՝  հատկապես ամռանը առկա են բոլոր պայմանները, որոնք նպաստում են աղիքային վարակների առաջացմանն ու տարածմանը:

Ի՞նչ անել դրանք կանխարգելելու և երեխաներին դրանցից զերծ պահելու համար:Մասնագետն առաջնահերթ խորհուրդ է տալիս առավելագույնս պահպանել անձնական հիգիենան, բանջարեղենը մանրակրկիտ լվանալ հոսող ջրի տակ, խուսափել արագ պատրաստվող սննդից, կրեմ պարունակող քաղցրավենիքից։

Անտառներում հանգիստը կազմակերպող մարդկանց Լիանա Թորոսյանը նաև խորհուրդ տվեց հագնվել երկարաթև, բամբակե, բաց գույնի զգեստ` միջատների խայթոցներից խուսափելու համար։ Միջատի խայթոցի դեպքում էլ Լիանա Թորոսյանը խորհուրդ տվեց ինքնաբուժության դիմելու փոխարեն դիմել մասնագետի։ Պետք է զգուշավոր լինել նաև արգելված լողավազաններից օգտվելիս և պատահական վայրերում ջուր խմելուց։

Ընդհանուր առմամբ` հանրապետությունում հաճարակային վիճակը մասնագետը գնահատեց  համեմատաբար հանգիստ: Թեև էնտերովիրուսային վարակների որոշակի ակտիվություն, այնուամենայնիվ կա, Լիանա Թորոսյանը հավաստիացրեց, որ հիվանդացությունն ունի նվազման միտում: Բոլոր 50 դեպքերը արձանագրվել են մինչև 8 տարեկան երեխաների շրջանում։

Back to top button