Բնապահպաններն ահազանգում են. Սեւանից ջրառը կարող է ավելացվել


Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Տարիներ շարունակ բնապահպանության նախարարները հայտարարում են, թե թույլ չեն տա, որ Սեւանա լճում ջրի ավելացման ու ջրառի բալանսը բացասական լինի, բայց խոսքերը խոսքեր էլ մնում են: Այդ բալանսն արդեն բացասական է. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Էկոլուր» ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը: Բնապահպանական խնդիրներով մտահոգ բանախոսն այսօր ջրային համակարգին վերաբերող մի շարք հիմնախնդիրների էլ է անդրադարձել` արտեզյան ավազանում նոր հորեր են բացվում նոր` անհիմն եզրակացությունների հիման վրա, Վայոց ձորի Ազատեկ գյուղում էլ ոռոգման համակարգի խողովակները քանդում հանում են, մարդկանց թողնում առանց ոռոգման ջրի ու համոզում, թե ոռոգման խնդիրները հետո պետք է լուծվեն:
Նորից ամառ, ու նորից ահազանգում են բնապահպանները` Սեւանա լճից ջրառի ավելացումն ավելի ու ավելի է վտանգում կենսապահովման համար ռազմավարական նշանակության մեր ջրամբարը։ «Էկոլուր» ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանն այսօր հանդիպել է լրագրողներին` հերթական անգամ հայտարարելու` Սեւանի հարցում կառավարությունն անպատասխանատու մոտեցում է որդեգրել:
Գործադիրի քայլերը միմյանց հակասում են, պատճառաբանություններն անհիմն են, որոշումներն էլ` կամայական: Մեկ հայտարարում են, թե Սեւանա լճից ջրառն ավելացնելը հրատապ է, քանի որ Արարատյան դաշտավայրում արտեզյան հորատանցքերի փակման պատճառով գյուղացու ոռոգման ջուրը պակասում է, բայց հենց ջուրը վերցնում են, նոր հորատանցքեր են բացում: Մի կողմից գումար են հատկացնում հորատանցքերը փակելու նպատակով` ամեն հորատանցքի համար 2.5 մլն դրամ, մյուս կողմից 550 մլն դրամ են հատկացնում նոր հորատանցքեր բացելու համար։
Կառավարությունն այս տարի որոշել է 245 մլն խմ ջուր բաց թողնել լճից: Զարաֆյանը տեղեկություն ունի, որ նոր օրինագիծ է պատրաստվում, որով նորից ջրառի ծավալն ավելացվելու է` այս անգամ հասցվելով մինչեւ 270 մլն խմ-ի։ «Խոսքերը մնում են խոսքեր, բացթողումները մնում են բացթողումներ, եւ այդ նոր որոշումն ահավոր հետեւանքներ պետք է ունենա, քանի որ մեր փորձագետների գնահատմամբ` Սեւանի ջրի մոտ 60 տոկոսն արդեն անպիտան է իշխանի բազմացման համար»։
Արդեն մի քանի տարի է` կառավարությունը տարեսկզբին ջրառի համար մի ծավալ է նախատեսում, հետո նախատեսված ծավալն ավելացնում, ընդ որում` դա պարտադիր անում է նույն պատճառաբանությամբ՝ երաշտ է, ու ընդունում է նույն հապճեպությամբ` մինչ բնապահպանները հասարակական քննարկումների են սպասում: Զարաֆյանը տարակուսում է` այժմ բացատրում են, թե նոր հորատանցքերով արտեզյան ավազանի տարբեր խորություններից են ջուր հանում: Ավազանն ավազան է, ու խախտվում է նույն էկոհամակարգը, պնդում է Զարաֆյանը ու հարց բարձրացնում` որտե՞ղ են նման եզրակացություն տված փորձագետները, ովքե՞ր են նրանք, ո՞վ է չափում, թե որ խորությունից է ջուր վերցվում, եւ ո՞վ վերահսկում։ «Ոչ մի փորձագետ չի մասնակցել, նույնիսկ փորձաքննության չի ուղարկվել այս ծրագիրը: Սա մեզ համար ուղղակի անհասկանալի է»։
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը միանում է բնապահպանների ահազանգերին ու հայտարարում` իրենք արդեն քաղաքական ազնիվ որոշումներից հույսը կտրել են: Այսուհետ կոնկրետ անուններ են տալու ու պահանջելու են կոնկրետ մարդկանց պատասխանատվության ենթարկել բնության եւ Հայաստանի բնակիչների հանդեպ անազնիվ որոշումներ կայացնելու համար: Անունների ցանկն արդեն պատրաստ է, խոստանում են աշնանը աննախադեպ ակտիվ լինել ու հասարակական նոր հնչեղություն հաղորդել թեմային։ «Իրավիճակն ավելի ու ավելի է վատթարանում: Թեեւ հսկայական վարկային ու դրամաշնորհային միջոցներ են հատկացվում Հայատանի կառավարությանը, սակայն այդ գումարները ծախսվում են խիստ անարդյունավետ` ընդհակառակը` ըստ էության սնուցելով կոռուպցիան»։
Ինգա Զարաֆյանն այսօր նաեւ վայոցձորցիների մտահոգությունները փոխանցեց: Վայքի Ազատեկ գյուղի ոռոգման համակարգի խողովակները քանդում են ու տանում անհայտ ուղղությամբ` անհայտ ծրագրի իրականացման պատճառաբանությամբ: Ջրտնտպետկոմից ասում են` մեր գույքն է, մենք էլ իրավասու ենք այն տնօրինել: «Որ գույքը ձերն է, գիտենք, բայց Ազատեկ գյուղն այս ամռան շոգին առանց ոռոգման է մնում»,- ասում է Զարաֆյանը։ Ինչ ծրագիր են իրականացնում, բացատրություն չի տրվել ոչ գյուղին, ոչ բնապահպաններին:
Զարաֆյանը արվածի մեջ տրամաբանական պատասխաններ է փնտրում ու չի գտնում։«Ազատեկ գյուղից հանել են խողովակները, ոչ մի բան չեն ասել գյուղացիներին` ուր են տանում: Միայն այն բանից հետո, երբ նրանք մեծ աղմուկ են բարձրացրել, մի շատ «հետաքրքիր» բացատրություն են տալիս` ասում են` առանց ջրի են մնացել, քանի որ հողի հարկը չեն մուծել: Ոչ մի փորձաքննություն, ոչ բան, մի ինչ-որ ծրագիր են նշում եւ անում են այն, ինչ իրենք են ուզում»։