Շարունակվում է «Ոսկե ծիրան»11-րդը.այս տարի ֆիլմերում գերիշխում է բարոյական անկման խնդիրը


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Երևանում շարունակվում է «Ոսկե ծիրան»11-րդ միջազգային կինոփառատոնը, որը բազմաթիվ արվեստասերների ամենասիրված ու սպասված մշակութային իրադարձություններից մեկն է: Փառատոնն այս տարի առանձնանում է ասիական կինոյի շեշտադրմամբ: «Փառատոնի ծրագրում նրբաճաշակ հանդիսատեսի քիմքին հարմար շատ ֆիլմեր կան, մնում է, որ բոլորը ժամանակ տրամադրեն ու նայեն այդ ֆիլմերը»,- ասել է փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Արդեն 11-րդ անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը դառնում է ամառային Երևանի անբաժանելի մասը, և բազմաթիվ արվեստասերներ մեկ շաբաթ վայելում են տարվա ամենասիրված ու սպասված մշակութային տոներից մեկը: Այդ հրաշալի կինոմթնոլորտը կարողանու՞մէ արդյոք վայելել միջոցառման հիմնական պատասխանատուն՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը:
«Կարծում եմ պատասխանատու ոչ մի անձ իր աշխատանքն ամբողջությամբ չի վայելում ընթացքում: Վայելում ես հետո, երբ ամեն ինչ ավարտված է, երբ տեսնում ես մարդկանց, ովքեր գոհ ու երջանիկ են այդ ֆիլմերը դիտելուց, կինոյի հրաշալի վարպետների հետ շփվելուց հետո: Երբ տեսնում ես երիտասարդների, որոնք վերլուծում, քննադատում կամ ֆիլմերից հատվածներ են պատմում միմյանց: Այդ ժամանակ ես հասկանում, որ արել ես մի գործ, որի համար երջանիկ ես: Իսկ փառատոնին նախորդող երեք ամիսները, բուն փառատոնի օրերն ու դրան հաջորդող 15 օրերը /երբ փակում ես պարտքերդ, փորձում ես բուժել ստացած վիրավորանքներն ու վերքերը, փորձում ես մարսել նկատողությունները, ինչու չէ՝ նաև գովեստները/, չափազանց լարված են : Ինչպես միշտ այս անգամ էլ արվել է ամեն ինչ, որպեսզի ներկայացնենք ֆիլմեր, որոնք պատիվ կբերեին յուրաքանչյուր կինոփառատոնի: Հրաշալի ֆիլմեր են՝ իրենց փիլիսոփայությամբ, ուղղվածությամբ, որն ամեն տարի տաբեր է »:
Եթե նախորդ տարի ներկայացված ֆիլմերում գերակշռում էր հայրեր-որդիներ բարդ հարաբերությունների թեման, ապա այս տարի ֆիլմերում գերիշխում է բարոյական անկման խնդիրը: Արդյո՞ք կինոփառատոնը կարելի է դիտարկել որպես հայելի, հասկանալու համար, թե ու՞ր է գնում մարդկությունը, ի՞նչ արժեքներով է ապրում այսօրվա անհատը և ի՞նչ արագությամբ են փոխվում արժեքային ընկալումները:Ըստ Հարություն Խաչատրյանի՝ ոչ թե փառատոնը, այլ կինոն ընդհանրապես, կարելի է դիտարկել որպես կյանքի հայելի: Իսկ փառատոնը կինոյի շարունակությունն է և ընտրում է այն, ինչ կա շուկայում:
«Իրականում լավ ֆիլմերն այնքան էլ շատ չեն աշխարհում, տարվա ընթացքում 40-50 ֆիլմ՝ լավագույն դեպքում: Ընտրվում է այդ ֆիլմերի 60-70 տոկոսը, որոնք էլ շրջում են բոլոր փառատոններում: Այո, այդ ֆիլմերն արտացոլումն են աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ու տրամադրությունների: Բարոյականության ճգնաժամի խնդիրն է այսօր արդիական կինոյում, միայնակության խնդիրը, երիտասարդների ու ավագների միջև խզված կապերը, հոգևոր ու մտավոր անհասկանալի կապերի փնտրտուքները, աշխարհում մեծացել է փախուստի ցանկությունը, թվում է երկրների միջև սահմանները բացվել են, բայց առաջացել են այլ սահմաններ: Կան հավերժ, կրկնվող թեմաներ, կան այդ թեմաներին յուրահատուկ մոտեցումներ… շատ բան կա կինոյում»:
Անդրադառնալով երևանյան կինոփառոտոնին, Հարություն Խաչատրյանը նշում է. «Ոսկե ծիրան»-ը հետաքրքիր է նրանով, որ ներկայացնում է հեղինակային կինո և նպատակ չունի բավարարել համի ու հոտի ինչ որ անհասկանալի ճաշակներ: Այս փառատոնը բերում է ֆիլմեր, որոնք շատ բարդ են, գուցե անհասկանալի: Բայց 11 տարիների ընթացքում ձևավորվել է հանդիսատես, ում համար հասկանալի են դրանք, սիրված ու սպասված: