Միջազգային

ՌԴ ՊՆ.«Հայտնի է, թե կոնկրետ որտեղից են հարվածել Բոինգ 777-ին»

Երեկ երեկոյան ուկրաիանական Դոնեցկի շրջանում մալայզիական ինքնաթիռի հետ տեղի ունեցած ողբերգությունն այսօր միջազգային օրակարգի թիվ մեկ թեման է: Մոսկվան և Կիևը շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել, ինքնահռչակ հանրապետությունը վերահսկող ուժերը՝ արդարանալ, որ չունեն ռազմական տեխնիկա նման բարձրության վրա օդանավ կործանելու համար, դե իսկ միջազգային հանրությունը՝ պահանջել, որպեսզի անցկացվի տեղի ունեցած արդարացի հետաքննություն և հրադադար հաստատվի հետաքննություն սկսելու համար: Դոնեցկի շրջանը վերահսկող ուժերը քիչ առաջ տեղեկացրել են, որ պատրաստ են զինադադարի, որպեսզի մասնագետները կարողանան աշխատել դեպքի վարյում: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ինքնահռչակ հանրապետության վարչապետ Անդրեյ Պուրգինն ասել է, որ այժմ բանակցություններ են ընթանում 2-ից 4-օրյա հումանիտար հրադադար կնքելու մասին, կոնտակտային խմբի, որի մաս են կազմում Դոնեցկի, Կիևի, Ռուսաստանի և ԵԱՀԿ ներկայացուցիչները: Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայությունն իր հեթին ամբողջությամբ փակել է դեպքի վայրի օդային տարածքը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իրենց հայտնի է, թե կոնկրետ որտեղից են հարվածել Բոինգ 777-ին: Ինչպես հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը, ինքնաթիռի երթուղին գտնվել է ուկրաինական զենիթահրթիռային մեծ հեռահարության երկու և միջին հեռահարության երեք համակարգերի հասանելիության գոտում: Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն, ով երեկ օդանավի կործանումն անվանել էր ահաբեկչություն և մեղադրանքներ հնչեցրել Ռուսաստանի հասցեին, այսօր հայտարարել է, որ այժմ ահաբեկիչները փորձում են կոծկել հանցագործությունը: Այսօր առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղի ունեցած ողջ պատասխանատվությունը դրել է Կիևի իշխանությունների վրա: Պաշտոնական Վաշինգտոնից դեռևս մղադրական գնահատականներ չեն հնչում: Այսօր ճշտվել է նաև զահերի թիվը.ոչ թե 295, ինչպես հաղորդվում էր երեկ, այլ 298 մարդ:

Back to top button