

«Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակն այսօր հանձնվեց աշխարհահռչակ լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսիին։
Անվանի ռեժիսորը մրցանակի հանձնման ժամանակ անդրադառնալով քրիստոնեության համամարդկային նշանակությանը` նշեց, որ քրիստոնեությունը ներշնչանքի և սիրո աղբյուր է, այն ապագան է և ոչ թե անցյալը` միաժամանակ հույս հայտնելով, որ Քրիստոսի սիրո վարդապետությամբ լուսավորված մարդն այսուհետև նույնպես պիտի շարունակի բարիք արարելու իր կարևոր առաքելությունը։
Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը կարեւորեց կինոն, որպես բարձր եւ կարեւորագույն առաքելություն ունեցող արվետ, որի միջոցով մարդկանց սրտերում սերմանվում է բարին եւ գեղեցիկը։ «Մենք բարձրորեն գնահատում ենք Ձեր վաստակաշատ գործունեությունը կինոյի ասպարեզում: Վավերագրական ու գեղարվեստական ֆիլմերով, ռեժիսորական հիանալի աշխատանքով Դուք պատվավոր տեղ ունեք կինոասպարեզում: Խոհափիլիսոփայական ուշագրավ ստեղծագործություններով Դուք խոսում եք աշխարհի ու մարդկանց հետ, հորդորում աստվածապարգև կյանքը գնահատելու, երկրավոր այս ժամանակը զուր չվատնելու և աստվածահաճո գործերով արժևորելու»,- ասաց Վեհափառ հայրապետը։