Լևոն Հայրապետյանին հատկացրել են անհրաժեշտ ինսուլինը


Խոշոր գործարար և հասարակական գործիչ, հայկական սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչ Լևոն Հայրապետյանին երեկ երեկոյան մեկուսարանում զննել է բուժաշխատողը, հատկացրել են անհրաժեշտ ինսուլինը, առողջությունը բավարար է. այս մասին տեղեկանում ենք Լևոն Հայրապետյանի անունով բացված ֆեյսբուքյան էջից։
Նշենք, որ ավելի վաղ նույն էջում գրվել էր, որ «Լևոն Հայրապետյանի հավատարմագրված անձ և ընկեր Մացակ Փոլադյանը զրուցել է Հայրապետյանի փաստաբանի հետ, ով պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը՝ վերադաս դատարան խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, բացի այդ պաշտպանը հայտնել է, որ Լևոնի առողջական վիճակը լավ չէ, նա տառապում է շաքարային դիաբետով, ունի ինսուլինի կարիք և գտնվում է հոգեպես ընկճված վիճակում. Լևոնը վերջերս տարել է ինսուլտ և եթե չլինի բժիշկների հսկողության տակ դժվար այդ անմարդկային պայմաններում կարողանա դիմանալ սպասվող պայքարին…»։