Հասարակություն

Գրեմ Հենքոք. Հայաստանը մեծ ասելիք ունի աշխարհին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հնագույն քաղաքակրթություններ ուսումնասիրող բրիտանացի հայտնի գրող, լրագրող Գրեմ Հենքոքը ընդամենը մեկ տարի առաջ ոչինչ չգիտեր Հայաստանի մասին: Այսօր արդեն պատրաստվում է իր առաջիկա գրքում մեծ տեղ հատկացնել հատկապես Հայաստանի մասին իր ուսումնասիրություններին: Սա նրա առաջին այցելությունն է Հայաստան, որից ոչ միայն չհիասթափվեց, այլև օր օրի նորանոր բացահայտումներ է անում: Ամենամեծ տպավությունը, սակայն, բրիտանացի լրագրողի վրա թողել են Հայաստանի ողբերգական անցյալի մասին տեղեկությունները։

Գրեմ Հենքոքը շատ տպավորված է նաև հայ ազգի ջերմությամբ ու հյուրասիրությամբ։ «Աշխարհը կարծես մոռացել է Հայաստանի մասին, այնինչ՝ Հայաստանը մեծ ասելիք ունի աշխարհին: Ես հենց դրա համար եմ Հայաստանում, որպեսզի աշխարհին ցույց տամ այն, ինչ աշխարհը մինչև հիմա չգիտեր Հայաստանի մասին: Ի վերջո՝ Հայաստանում թաքնված մի մեծ պատմություն կա մարդկության անցյալի մասին»։

Եվ իսկապես՝ Գրեմ Հենքոքի վերջին 20 տարիների աշխատանքն ուղղված է բացահայտելու այն ամենը, ինչը մարդը կորցրել և մոռացել է հարյուրամյակների ընթացքում: Այս առումով` բրիտանացի փորձագետը կարծում է, որ մարդկության հիշողությունը վերականգնելու գործում բեկումնային նշանակություն կունենան հատկապես Հայաստանի մասին բացահայտումները։ «Կարճ ասած` Հայաստանն աշխարհին սովորեցնելու շատ բան ունի ինչպես մեր մոռացված անցյալի, այնպես էլ մարդկային ոգու մասին»։

Հնագուն քաղաքակրթությունների գծով փորձագետ Վազգեն Գևորգյանի հետ ընդամենը մի քանի օրվա ընթացքում հասցրել են այցելել Հայաստանի պատմամշակութային մի շարք վայրեր: Պատմամշակութային ժառանգություններից, սակայն, ամենամեծ տպավորությունը թողել է Դվինի բուրգը։ «Բազմաթիվ բուրգեր եմ տեսել իմ ուսումնասիրությունների ընթացքում ամբողջ աշխարհում, բայց նման բուրգի երբեք չեմ հանդիպել: Դեռևս չգիտենք, թե քանի տարեկան է այդ բուրգը, ում կողմից է կառուցվել և ինչու, բայց այն պարզապես հրաշք է և մենք պարտավոր ենք բացահայտել այն»,- ասում է։

Գրեմ Հենքոքը վերջին 20 տարիների ընթացքում շրջագայել է աշխարհի շատ երկրներում և ծանոթացել բազմաթիվ հնագույն քաղաքակրթությունների: Խոստովանում է, որ մինչև Հայաստան գալը իրեն միշտ թվացել է, թե ուսումնասիրություններում մի բան պակասում է: Այժմ այդ բացը համարում է լրացված։

Back to top button