Վերլուծական

Նախընտրական շրջանում Էրդողանը գերադասում է չխոսել հայկական թեմաներից

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Օգոստոսի 10-ին Թուրքիայի քաղաքացիներն առաջին անգամ կընտրեն երկրի նախագահ։ Այդ պաշտոնին հավակնում են վարչապետ Էրդողանը, ընդդիմության միասնական թեկնածու Իհսանօղլուն և քրդական ժողովրդա- դեմոկրատական կուսակցության համանախագահ Դեմիրթաշը: Եթե թեկնածուներից որևէ մեկին չհաջողվի հավաքել ձայների կեսից ավելին, ապա երկու շաբաթ անց՝ օգոստոսի 24-ին կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը։ 

Այս ընտրարշավի հիմնական ֆավորիտը միանշանակ վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանն է, ով արդեն 11 տարի գլխավորում է Թուրքիայի կառավարությունը: «Արդարություն և զարգացում» կուսակցության 60-ամյա առաջնորդի շանսերը բարձր է գնահատում նաեւ թուրքագետ Գևորգ Պետրոսյանը։

Նրա գլխավոր մրցակից համարվում է Էքմելեդին Իհսանօղլուն, ում թեկնածությունը առաջադրվել է ընդդիմադիր քաղաքական հինգ կուսակցությունների կողմից: Այս 70- ամյա հավակնորդը վերջին 9 տարիներին հանդիսանում էր Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը, սակայն լայն ժողովրդականություն չի վայելում։

Մյուս թեկնածուն՝ ազգությամբ զազա քուրդ, փաստաբան և իրավապաշտպան 41-ամյա Սելյահաթին Դեմիրթաշը հունիսին ընտրվեց Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության համանախագահ: Թուրքագետ Գևորգ Պետրոսյանը անհավական է համարում այս քաղաքական գործչի հաջողությունը:

Թուրքիայի հայ համայնքը կուռ չէ և փորձագետը դժվարացավ նշել, թե նախագահի որ թեկնածուի օգտին կքվեարկեն հայերը: Սակայն մեծ մասը կքվեարկի այս ընտրություններում ազգային փոքրամասնության ներկայացուցչի օգտին, կարծում է թուրքագետը։

Եթե Դեմիրթաշը իր ծրագրում և ելույթներում անդրադառնում է քրդերի, հայերի և ազգային այլ փոքրամասնությունների խնդիրներին, ապա Իհսանօղլուն աչքի է ընկնում Մեծ Եղեռնի դասական թուրքական ժխտողականությամբ: Թեպետ վարչապետ Էրդողանը ևս ժխտողական ավանդույթների կրողն  է, սակայն ընտրարշավում փորձում է զերծ մնալ հայկական թեմաներով ելույթներից, նկատում է թուրքագետը։

Back to top button