ԿարևորՄշակույթ

Օտար Իոսելիանի. «Դուրս ես գալիս փողոց ու չկա մեկը, որին կարող ես բարևել»

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Ոսկե ծիրան» երևանյան 11-րդ կինոփառատոնը ներկայացնում է «Հարգանքի տուրք» ծրագիրը՝ ի պատիվ հռչակավոր ռեժիսոր Օթար Իոսելիանիի ծննդյան 80-ամյա հոբելյանի: Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն նրա «Տերևաթափ», «Ապրում էր մի երգող կեռնեխ», «Հովվերգություն» եւ «Խաժամուժ» ֆիլմերը: Ֆրանսիայում բնակվող վրաց կինոռեժիսորն այսօր հանդիպել է լրագրողների հետ, փոխանցել իր հիշողությունները հին Երևանի, հայաշատ Թբիլիսիի ու խորհրդային բարքերի մասին:

«Երբ երկու նկարիչ հանդիպում են, մեկը մյուսին չեն ոգեշնչում. սկզբում պարզապես զննում են միմյանց ու յուրաքանչյուրն իր համար որոշում՝ արժե՞ արդյոք այս տիպի հետ ընկերություն անել: Դրա համար կան անհրաժեշտ մի քանի նախապայմաններ. դիմացինը պետք է լինի ազնիվ, չվարկաբեկված հեղանակությամբ, չլինի հիմար, ինքնահավան և նրա ստեղծագործություներից գոնե մեկը պետք է ձեզ դուր գա։ Իոսիֆ Բրոդսկին սկզբում խիստ երիտասարդ էր թվում, իսկ հետո, երբ բացահայտվեց, պիտերյան կարգին խուլիգան էր»,- 20-րդ դարի հանճարեղ գրողներից մեկի ՝ Իոսիֆ Բրոդսկու մասին այս պատմությամբ Օթար Իոսելիանին այսօր սկսեց հանդիպումը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ներշնչվե՞լ են արդյոք երկու հանճարները միմյանց արվեստով և ի՞նչ թողեց Բրոդսկին իր ընկերոջը հեռանալուց հետո՞ «Ոչինչ էլ չթողեց։ Նա հեռացավ՝ իր հետ տանելով ամեն ինչ, ինչպես և Սերգեյ Փարաջանովը»,- ասաց Օթար Իոսելիանին։

«Կինոն ինձ համար երկրոդական մի բան է, անհրաժեշտ, բայց անհրաժեշտ բաներից պարզապես մեկը։ Սկզբում ես որոշել էի դառնալ երաժիշտ, բայց Ռիխտեր ինձնից դուրս չեկավ: Հետո որոշեցի դառնալ մաթեմատիկոս: Ընդունվեցի Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը: Լուրջ հաջողութուններ ունեի, բայց դա էլ իմը չէր: Գնացի համալսարանի ռեկտորի մոտ ու ասացի՝ ուզում եմ հեռանալ»,- պատմում է ռեժիսորը։

Օթար Իոսելիանաին 1965 թվականին ավարտեց Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ Կինոյում նրա առաջին ուսուցիչը Ալեքսանդր Դովժենկոն էր: Ավարտելուց հետո մեկնեց Վրաստան ու սկսեց կինոյում իր երկար ճանապարհը։ «Նկարահանեցի կարճամետրաժ ֆիլմ՝ «Ապրիլ», արգելեցին, հետո նկարահանեցի «Չուգուն» վավերգարական ֆիլմը, դարձյալ արգելեցին, նկարահանեցի «Տերևաթափը», արգելեցին: Իսկ հետո ինձ պարզապես արգելեցին նկարահանել։ Ութ տարի ոչինչ չնկարեցի, մինչև Էդուարդ Շեւարդնաձեն նշանակվեց Վրաստանի կոմկուսի ղեկավար: Նա էլ ինձ հնարավորություն տվեց մեկնել Ֆրանսիա և նկարահանել այնտեղ: Եվ այնտեղ ես նկարահանեցի տասը ֆիլմ»։

1980-ականաների սկզբից Օթար Իոսելիանին ապրում և աշխատում է Ֆրանսիայում: Նրա ֆիլմերը բազմաթիվ մրցանակների են արժանացել աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոներում։ «Ոսկե ծիրանի» շնորհիվ Երևանում է երկար ընդմիջումից հետ. «Այն տարիներին ավելի համեստ շինություններ էին կառուցում: Այն, ինչ կառուցվել է հիմա, քաղաքն այլանդակել է: Կներեք, բայց դա իմ կարծիքն է»,- ասում է արվեստագետը։

«Գուցե մարդիկ էլ են փոխվել, չգիտեմ: Չփոխվելու ժամանակ գրեթե չեմ ունենցել: Վրաստանն էլ այսօր չափազանց փոխվել է: Իսկ հրաշալի Բաթումին խարդախները Լաս Վեգասի են վերածել: Խայտառակություն է: Թբիլիսին հայկական քաղաք էր, հայերենը դեռ ականջներիս մեջ է: Նրանք կառուցեցին քաղաքը: Այժմ Թբիլիսիից մտավորականությունը հեռացել է։ Մեր սերնդի մարդիկ այլևս չկան, մի քանիսն ենք մնացել, դուրս ես գալիս փողոց ու չկա մեկը, որին կարող ես բարևել: Քաղաքը դատարկվել է: Դրա համար պետք է հիշել ՝ երբ ինչ որ տեղից հեռանում ես, պիտի հասկանաս, որ վերադառնալու ես արտասահման»։

Ուկրաինացի լրագրողի խնդրանքով Օթար Իոսիլիանին անդրադարձավ նաև ռուս-ուկրաինական լարվածությանը: Վրաց կինոռեժիսորը նկատեց, որ ռուսական վերնախավը բարեկրթությամբ երբեք աչքի չի ընկել և դա փաստ է, բայց փաստ է նաև, որ Ուկրաինան ևս այս ընթացքում չափազանց լուրջ սխալներ թույլ տվեց: Վերհիշելով Խրուշչովի կողմից Ղրիմը Ուկրաինային նվիրելու հայտնի պատմությունը՝ ասաց. «Դա թերևս ամենամեծ հիմարությունն ու խելագարությունն էր»։

Back to top button