Հասարակություն

Պետական մարմինների կայքերը հաճախ ամբողջական չեն. լավագույն ճանաչվել է տարածքային կառավարման նախարարությունը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրել է պետական մարմինների պաշտոնական կայքերի մոնիտորինգ՝ առաջնորդվելով 146 չափորոշիչներով: Լավագույն է ճանաչվել տարածքային կառավարման նախարարության կայքը։ Մոնիտորոիգի նախնական տվյալների համաձայն՝ պետական գերտեսչությունների շատ կայքերում բացակայում են այնպիսի կարեւոր տվյալներ, ինչպիսիք են պետբյուջեից հատկացված գումարների տարեկան ծախսերը, թափուր պաշտոնների ցանկը և այլն։

Արդյո՞ք նախարարները փորձել են ծանոթների միջոցով կամ էլ գումար առաջարկելով իրենց տեղը վարկանշային աղյուսկայում բարձրացնել. Խոսքի ազատությամ կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը վստահեցնում է, որ կոմիտեի իմիջն այնպիսին է, որ ոչ մեկը ռիսկ չի անի նման առաջարկով հանդես գալ: Մելիքյանը անգամ սուրճի եւ թեյի առաջարկներ չի ընդունում:

Եվ այսպես՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ուսումնասիրել է 44 պետական մարմինների կայքերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախարարությունների եւ գերատեսչությունների խմբում ընդամենը 10 մարմին է, որոնց ցուցանիշներն անցյալ տարվա համեմատ բարելավվել են: Պետական մարմինների կայքերում հաճախ ամբողջական չեն կամ բացակայում են այնպիսի կարեւոր տվյալներ, ինչպիսիք են պետբյուջեից հատկացված գումարների տարեկան ծախսերը, թափուր պաշտոնների ցանկը։ «Շատերը սահմանափակվում են միայն թափուր տեղի ցանկը հրապարակելով, բայց չեն տեղադրում մրցույթի անցկացման պայմանները, բողոքարկման պայմանները եւ այլ մանրամասներ»,- ասում է։

Հետազոտությունների հեղինակների կարծիքով՝ բոլոր թերությունները, որոնք վեր են հանվել մոնիթորոիգի ընթացքում,  հաջողությամբ կարող են վերացվել, քանի որ այս փուլի հրապարակումից հետո սկսվում է համագործակցության ժամանակաշրջանը։ Այն մեկնարկվում է օգոստոսի 1-ից ու շարունակվելու են մինչև սեպտեմբերի 15-ը, որից հետո հրապարակվելու են վերջնական արդյունքները:

 

Back to top button