ԿարևորՀասարակություն

Լևոն Հայրապետյանի եղբայրը քաղաքական հաշվեհարդար է համարում նրա ձերբակալությունը

Artsakh Today մամուլի կենտրոնը ներկայացնում է նախօրեին Մոսկվայում ձերբակալված հայազգի հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի եղբոր՝ Վլադիմիր Հայրապետյանի մեկնաբանությունը:
«Ես եղբորս ձերբակալությունը  քաղաքական հաշվեհարդար եմ համարում: Տարիներ շարունակ կառավարելով նրան պատկանող բիզնեսները, վստահ եմ՝ ռուսական լրատվամիջոցներում Լևոնին վերագրված բոլոր մեղադրանքները սուտ են: Լևոն Հայրապետյանից որևէ տեղեկություն չկա, քանի որ չի հաջողվում կապ հաստատել անձամբ իր հետ:
Այս ամենը ակնհայտ քաղաքական պատվեր է: Իմ հաջողակ եղբայրը հարստանալու մոլուցքով չէր տառապում և ունեցած միջոցներն էլ ուղղում էր բացառապես հայրենիքի զարգացմանը, ինչն էլ շատերին ձեռնտու չէր»,- ասվում է Վլադիմիր Հայրապետյանի մեկնաբանության մեջ:

Ի դեպ, նշենք, որ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում նախօրեին ձերբակալված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին այսօր մեղադրանք է առաջադրվել: Ռուսաստանի քննչական կոմիտեն նրան կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացրել Մոսկվայի Բասմանյան դատարան: Լևոն Հայրապետյանին, ըստ Ռոսբալտի, մեղադրում են «Բաշնեֆթ» ընկերության վաճառքի ժամանակ խոշոր չափի ֆինանսական մեքենայություններ իրականացնելու մեջ: Գործակալության աղբյուրն իրավապահ մարմիններում հայտնել է, որ Հայրապետյանին կասկածում են հանցավոր ճանապարհով ձեռք բերած եկամուտներն օրինականացնելու և փողերի լվացման մեջ: Բացի այդ խուզարկություն է իրականացվել գործարարի գրասենյակում, որը գտնվում է վերջինիս պատկանող «Պրեզիդենտ հոթել» հյուրանոցում, ըստ տեղեկության առգրավվել է երկու տուփ փամփուշտ:
Հիշեցնենք, որ Լևոն Հարապետյանին ձերբակալել են այսպես կոչված «Կինգիսեպի» գործի շրջանակում:Ռուսաստանի իրավապահ մարմինները հայ գործարարին կասկածում են Սերգեյ Ֆինագինի ղեկավարած քրեական այս խմբավորման հետ: Նույն աղբյուրները ռուսական լրատվամիջոցներին հայտնել են նաև, որ Հայրապետյանը կապ չունի խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ:
Back to top button