Միջազգային

ԱՄՆ նոր պատժամիջոցներ է մտցրել Ռուսաստանի դեմ

Հուլիսի 16-ին ԱՄՆ նոր պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի հանդեպ, որոնք առնչվում են մի քանի առանցքային ձեռնարկությունների

Պատժամիջոցների պատճառը Ուկրաինայի հանդեպ Մոսկվայի գործողություններն են: Սպիտակ Տունը կարծում է, որ Մոսկվան բավարար քայլեր չի անում ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման համար:

ԱՄՆ նոր պատժամիջոցները վերաբերում են Ռոսնեֆտ խոշոր ընկերությանը, Նովատեկ գազային ընկերությանը, Գազպրոմբանկին, Վնեշէկոնոմբանկին եւ մի քանի այլ ձեռնարկությունների, ինչպես նաեւ պաշտոնյաների:

Պատժամիջոցները վերաբերելու են նաեւ ինքնահռչակ Լուգանսկի եւ Դոնեցկի հանրապետությունների պաշտոնյաներին: Ռուսաստանցի պաշտոնյաների շարքում են Պետդումայի փոխխոսնակ Ներգեյ Նեվերովը, ՌԴ նախագահի օգնական Իգոր Շչեգոլեվը, Ղրիմի հարցերով դաշնային նախարար Օլեգ Սավելեվը, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարներից  Ալեքսանդր Բորոդայը:

 Պատժամիջոցներն արգելում են ռուսական ընկերություններին ամերիկյան վարկեր ստանալ 90 օրից ավելի ժամկետով, սակայն չեն արգելում ամերիկյան գործընկերներին նրանց հետ գործնական հարաբերություն պահպանել եւ իրականացնել ֆինանսական գործարքներ:

Միեւնույն ժամանակ, արգելափակող պատժամիջոցներ են կիրառվել ռուսաստանյան մի շարք պաշտպանական ձեռնարկությունների հանդեպ: Դրանք նախատեսում են ԱՄՆ հետ որեւէ գործակցության լիովին դադարեցում եւ նրանց ամերիկյան ակտիվների սառեցում:

Եվրամիությունն ամերիկյան նոր պատժամիջոցներին չի միացել, սակայն տեղի ունեցած ԵՄ Վեհաժողովում եվրոպացի առաջնորդները պայմանավորվել են հուլիսի վերջին կազմել այն ընկերությունների եւ պաշտոնյաների ցանկը, այդ թվում եւ ռուսաստանյան, որոնց հանդեպ կկիրառվեն Եվրամիության սահմանափակող միջոցներ:

«Մենք սպասում ենք, որ Ռուսաստանի իշխանությունը եւս մեկ անգամ կտեսնի, որ Ուկրաինայում գործողություններն ունենում են իրենց հետեւանքը, այդ թվում Ռուսաստանի տնտեսության թուլացում եւ դիվանագիտական մեկուսացման խորացում», ԱՄՆ նոր պատժամիջոցների կապակցությամբ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման:

ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ պետք է «հանգիստ, առանց իրարանցման» հասկանալ, թե ինչ պատժամիջոցների մասին է խոսքը: Պուտինի խոսքով, Վաշինգտոնը վերջին տարիներին վարում է «բավական ագրեսիվ» եւ «բավական ոչ պրոֆեսիոնալ» արտաքին քաղաքականություն: Պուտինը հայտարարել է, որ պատժամիջոցները ռուս-ամերիկյան հարաբերությունը քշում են փակուղի:

Back to top button