Հասարակություն

Հայաստանում անտառային հրդեհների թիվն ավելանում է, հունվար- հուլիսին՝ 15 տոկոսով

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում անտառները շատ չեն, բայց անտառային վայրերում հանգստացողներն են շատ: Իսկ նրանց մեջ անփույթներն էլ քիչ չեն: Այս տարի արդեն 740 հրդեհ է արձանագրվել, ու գրեթե ոչ մի մարզ բացառություն չի կազմում: Վերջին երեք տարիներին Հայաստանում անտառային հրդեհների թիվը շարունակաբար ավելանում է։ Միայն այս տարվա 7 ամիսներին ավելացել է 15 տոկոսով։

Տասը տարվա կտրվածքով մեր երկրում անտառապատ տարածքները կրճատվել են շուրջ 2 հազար հեկտարով: «Անտառի որակն էլ է ընկել, նոսրացել է, ավելի դժվար է վերականգնվում»,- բացատրում է գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը:

Հրդեհավտանգ սեզոնը շարունակվում է: Քաղաքացիներն ավելի հաճախ են կանաչ տարածքներում խորոված պատրաստելու գնում, գյուղացիներն էլ երբեմն խոտհարքները հնձելու փոխարեն այրում են` սխալմամբ կարծելով, թե հաջորդ տարի ավելի լավ բերք կստանան: Վտանգավոր են նաև ապակե շշերը, որոնք արևից խիստ տաքանալով չոր խոտածածկի բռնկման պատճառ են դառնում:

Անտառային հրդեհների առաջացման և խոտածածկ տարածքների բռնկման 95%-ը մարդկանց անփութության հետեւանք է: Որքան էլ հսկողություն իրականացվի, ողջ անտառը ուշադրության կենտրոնում պահել չես կարող: Կարեւորը մարդկանց ինքնագիտակցության բարձրացումն է եւ անտառօգտագործման կուլտուրայի ձեւավորումը, ասում է ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը։

Հրդեհային անվտանգության կանոնները խախտելն առաջացնում է վարչական պատասխանատվություն` 25-150 հազար դրամի տուգանք: Վնասների ավելացման հետ խստանում են նաեւ պատժամիջոցները` մինչեւ 4 տարվա ազատազրկում եւ հաշվարկված վնասի փոխհատուցում: Դիտավորությունն արդեն քրեորեն պատժելի արարք է` մինչեւ 4 տարվա ազատազրկում: Այս տարի արդեն վեց հարյուրից ավելի անձինք վարչական տույժի են ենթարկվել, շուրջ 25 մլն դրամ է գանձվել: Եթե պատժամիջոցները հստակ են, ապա միշտ չէ, որ հեշտ է կամ հնարավոր է գտնել մեղավորներին կամ հստակեցնել, թե խորոված պատրաստող տղամարդկանցից կոնկրետ ում հանդեպ է պետք պատասխանատվություն կիրառել։

Երևանում խոտածածկ տարածքների հրդեհները նվազել են, քանի որ արդեն ավելի շատ տարածքներ են ինտենսիվ ջրվում։ Հայաստանում գրանցված 19 անտառտնտեսություններից Կապանի և Գորիսի տնտեսություններում և Մեղրիի հատուկ պահպանվող տարածքներում արդեն ստեղծվել են արագ արձագանքման խմբեր: Սյունիքում, որտեղ արձանագրվում են ամենամեծ թվով անտառային հրդեհները, վերջին երկու տարիներին արագ արձագանքման խմբերի շնորհիվ հաջողվել է հրդեհը մարել բռնկվելուն պես։

ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի հրամանով` տարեսկզբին ստեղծվել է աշխատանքային խումբ` անտառային հրդեհների կառավարման համատեղ ծրագիր մշակելու եւ անտառային հրդեհներին դիմակայելու պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով։

 

Back to top button