Հասարակություն

Այլևս 15 րոպեում 20 օրակարգային հարց չի քննարկվում. «Բարեւ Երեւան»- ի ղեկավար

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

«Բարեւ Երեւան» դաշինքի հայտնվելը Երեւանի ավագանու կազմում բավականին բան է փոխել: «Նախկինում շուտասելուկի պես արագ անցկացվող նիստերն այժմ լուրջ քննարկումների են վերածվել»,- ամփոփելով անցած մեկ տարվա աշխատանքը` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր այս դիտարկումներով է կիսվել «Բարեւ Երեւան» դաշինքի ղեկավար Անահիտ Բախշյանը: Բանախոսը, սակայն, միաժամանակ նաեւ համագործակցության չստացված կողմերից ու դեռ լուծման իրենց հերթին սպասող հարցերից է խոսել:

Երեւանում կանաչ տարածքների պահպանում, համատիրությունների թերացումներ, անավարտ թերի շինություններ, շինարարական փոշու մեջ կորած փողոցներ ու փոշեխեղդ Հյուսիսային պողոտա: Սրանք այն հիմնական խնդիրներից մի քանիսն են, որոնց լուծմանը Երեւանի ավագանու կազմում հայտնելով փորձում է նպաստել «Բարեւ Երեւան» դաշինքն իր 6 ներկայացուցիչներով: «Բարեւ Երեւան»-ի ղեկավար Անահիտ Բախշյանը նկատում է, որ Երեւանի ավագանու աշխատանքներում իրենց ներկայացրած այսպես ասած «ընդդիմադիր բլոկ»-ը քաղաքական նոր մշակույթ է բերել, «նախկինում շուտասելուկի պես արագ անկացվող նիստերն այժմ լուրջ քննարկումների են վերածվել, այլևս 15 րոպեում 20 օրակարգային հարց չի ընդունվում»: «Հարց կա` ժամերով ենք քննարկում»,-ասում է Բախշյանը ու միաժամանակ խոստովանում` Երեւանի ավագանին որպես բազմակարծության ամբիոն այդպես էլ չի ձեւավորվում: Իրենց գործելաոճը ավագանու ՀՀԿ-ական անդամները միանշանակ չեն ընդունում:

«Այն աստիճանի են երբեմն տարաձայնությունները սրվում, որ հաճախ նույնիսկ անձնական վիրավորանքներից չեն խորշում»:

«Այս ամենի համատեքստում Երեւանի քաղաքապետն ընդունում է` ճիշտն իրար լսելն է»,- ասում է Անահիտ Բախշյանը եւ թվարկում որոշ խնդիրներ, որոնց լուծմանը հաջողվել է հասնել, երբ լսել ու հասկացել են միմյանց: Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգին ամբողջովին վերադարձվել է բնակիչներին, այնինչ նախկինում հենց բնակիչների ծառապատած տարածքը սեփականաշնորհվել էր չգիտես ում կողմից: Տարիների դադարից հետո այս աշուն արդեն նոր հասցեում ու նոր տեսքով կվերսկսի գործել Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիկը: Լուծված խնդիրները, սակայն, այնքան շատ ու այնքան էական չեն, որքան չլուծվածները:

«Այնքան շատ են դրանք, չգիտեմ որ մեկն ասել»:

«Բարեւ Երեւան»-ի ղեկավարը փոխանցում է երեւանցիներին հունից հանելու չափ զայրացնող հարցերից մեկը` բնակելի շենքերի նկուղային հարկերում գործող բարերը, կարաոկեներն ու ռեստորանները մարդկանց համբերության բաժակը լցրել են, այնինչ այս հարցին վերաբերող կառավարության որոշումը դրանց սաստող որեւէ կետ չի պարունակում: Դաշինքը կառավարության որոշման համապատասխան կետում որոշ սահմանափակումներ է առաջարկել ու սպասում է արձագանքի: Շատ հարցերում էլ ուշանում է վարչական շրջանների ղեկավարների արձագանքը: Դաշինքում ամենաշատը դժգոհում են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատանքից:

«Չկա գործավարական, որի ժամանակ նա նկատողություն չստանա: Նախավերջինի ժամանակ Տարոն Մարգարյանն ասաց` «տրամվայի տակ ընկած 3 էլ չէ, 2 եմ քեզ նշանակում»:

Ավագանու կազմում «Բարգավաճ Հայաստան»-ի հետ էլ գործակցությունը չի ստացվում: Այս կուսակցության ներկայացուցիչներն իրենց հավասար քննադատում են, բայց վերջում «կողմ» քվեարկում:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունից «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Արթուր Գասպարյանն էլ շեշտում է` ավագանու աշխատանքները հեռարձակելու գաղափարն այդպես էլ հաջողության չհասավ: Համատիրությունների մասին օրենքն այնքան անկատար է, որ ոչ մի բան կարգավորել չի ստացվում: Իրենց հաջողվում է ընդամենը մոտ 20 տոկոսով վերահսկել ՀՀԿ-ականների աշխատանքը ավագանու կազմում: Գասպարյանը դեմ է, որ հասարակության հարցերով զբաղվող կառույցը` ավագանին, քաղաքական մարմին համարվի,

«Քանի որ Երեւանը վերածվել է քաղաքական հարցեր, քաղաքական խնդիրներ լուծելու հարթակի»:

Back to top button