ԿարևորՔաղաքական

Ադրբեջանի կողմից սահմանային միջադեպերի հրահրումը կապված է ՄԽ գործունեության հետ

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Այն հանգամանքը, որ Ադրբեջանը հերքում է դիվերսիոն հարձակման վարկածը, սահմանը հատած ադրբեջանցիներին զրկում է ռազմագերու կարգավիճակ ստանալու հնարավորությունից, այսօր ասել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ ղեկավար, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նա մտահոգիչ է համարել Քարվաճառի դեպքի վերաբերյալ հասարակական արձագանքը: Ըստ իրավապաշտպանի՝ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ հանրությունն ու լրատվամիջոցները ոչ համարժեք են արձագաքնում իրադարձություններին: Ալավերդյանի դիտարկմամբ՝ առաջինը Հակոբ Ինջիզուլյանի հետ կապված միջադեպն էր: 

Դիվերսիա՞ է, թե՞ ոչ, ձերբակալվածը նմա՞ն է, թե՞ նման չէ դիվերսանտի,  քննարկումն «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ ղեկավար, մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ոչ միայն անօգուտ, այլ նաև մտահոգիչ է համարում։ «Ես մտահոգված եմ, քանի որ սա երկրորդ դեպքն է կարճ ժամանակահատվածի մեջ, որ սոցիալական ցաներն ու լրատվամիջոցները ոչ ադեկվատ են արձագանքում դեպքերին: Առաջինը Հակոբ Ինջիղուլյանի դեպքն էր»։

Նույն հարցին անդրադառնալով՝ պահեստազորի նախկին սպա, ազատամարտիկ Արթուր Եղիազարյանն էլ հանրությանը հիշեցնում է, որ պարզունակ է մոտեցումը, թե դիվերսանտը հատուկ պատրաստվածության ու հատուկ համազգեստով զինվորականն է։ «Դիվերսանտները կարող են լինել նաև պարզ հովիվի, վարորդի հագուկապով մարդիկ, որոնք իրենց արտաքինով ու հագուկապով մարդիկ են և առաջին հայացքից ոչ մեկի համար նշանակալի տեսք չունեն»։

Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ խնդիր են փորձել լուծել սահմանը հատած ադրբեջանցիները, ասում է ազատամարտիկը: Վերջնական պատասխաններ առայժմ չկան, փոխարենը շատ են ենթադրությունները։ «Իմ ենթադրությամբ՝ այս գործողությունը ավելի շատ հոգեբանական հարթության վրա գործելու համար էր: Նրանք նկարահանել են ամբողջ ճանապարհը: Մենք չգիտեինք, թե մինչև ուր էին մտադիր հասնել այս մարդիկ: Պատկերացրեք՝ հասնեին Սևան, մի խորոված էլ այնտեղ անեին, նկարահանեին ու այդ նյութերը տրամադրեին լրատվամիջոցներին: Պատկերացրեք սրա հոգեբանական ազդեցությունը»,- ասում է։

Լարիսա Ալավերդյանն առայժմ վարկածներ առաջ չի քաշում: Նրա համար կասկածից վեր է, որ որևէ ադրբեջանցի սահմանը չէր հատի իր նախաձեռնությամբ: Նա կարծում է, որ Քարվաճառի տարածք ներթափանցած խմբի գործողությունները կառավարվել են, թեև արտաքուստ այդ տպավորությունը չեն թողնում: Փաստը կատարված հանցագործությունն է՝ սահմանի ապօրինի հատումն ու իրագործված սպանությունները։

Իսկ այն հանգամանքը, որ Ադրբեջանը հերքում է դիվերսիոն հարձակման վարկածը, ըստ Լարիսա Ալավերդյանի, ձերբակալվածին զրկում է ռազմագերու կարգավիճակ ստանալու հնարավորությունից։ «Որովհետև որևէ պատասխանատու անձ կամ կառույց իր վրա պատասխանատվություն չի վերցրել այդ մարդկանց ու նրանց գործողությունների համար»։

Իսկ Ադրբեջանի կողմից սահմանային միջադեպերի հրահրումը, լարվածության ընդհանուր մեծացումը Լարիսա Ալավերդյանը կապում է ՄԽ գործունեության հետ։ Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը լեփ-լեցուն առիթներ է տվել խմբին հստակ դիրքորոշումներ հայտնելու համար, վերջինը, սակայն, շարունակում է հավատարիմ մնալ հավասարակշռությունը պահելու սկզբունքին, նաև հայտարարություններ հնչեցնել, թե ստատուս քվոյի պահպանումը վտանգավոր է։ «Մինսկի խումբը չկարողանալով այնպիսի միջոց կիրառել, ինչպիսին է խաղաղություն պարտադրելը, անցել է նրան, որ ինքը քննադատում է ստատուս քվոյի վիճակը: Դա վտանգավոր է: Նման հայտարարությունները միշտ էլ խրախուսելու են Ադրբեջանին անօրինական, միջազգային իրավունքին հակասող քայլերի համար»։

Back to top button