Հասարակություն

5 օրյա լրացուցիչ արձակուրդ 3-րդ բանակային կորպուսի արմավիրցի զինծառայողներին

Սաթիկ Իսահակյան
 «Ռադիոլուր» -Արմավիր

Պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատարությունը հաճելի անակնկալ էր կազմակերպել ծնողների և զինծառայողների համար, թույլատրելով նրանց հանգիստը 5օրյա ժամկետով անցկացնել տանը: Կորպուսի հրամանատարությունը շնորհակալագրեր է հանձնել լավագույն զինծառայողների ծնողներին: Այս միջոցառման նպատակը բանակ-ծնող- հասարակություն կապի ամրապնդումն  է, որով արժեվորվում է բանակի դերը:

 «Մենք տարածաշրջանի ամենաուժեղ, ամենակայացած ու միակ հաղթանակած բանակն ենք»,- շարքային Ռաֆայել Պողոսյանը ծառայության ընթացքում ավելի է համոզվում մեր բանակի մարտունակության մեջ:  Բանակը նրանց պատանուց վերափոխում ու կոփում է իսկական քաջորդու, դաստիարակում` հայրենասիրություն, պատրաստ պաշտպանելու  հայրենիքն ու նրա սահմանները:  Պաշտպանության նախարարությունն արդեն 3-րդ անգամ  Արմավիրի մարզում համդիպում էր կազմակերպել ծնողների, զինծզռայողների ու սպայական կազմի հետ: Այս անգամ 5- օրյա հանգիստ էին ստացել Տավուշի և Լոռու մարզերում պարտադիր զինվորական ծառայություն իրականացնող արմավիրցիները: Ն- զորամասի  անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ մայոր Ստեփանյանը կարևորեց բանակ-ծնող-հասարակություն համագործակցությունը, որը զինվորներին նոր ուժ ու մարտական ոգի է հաղորդում հայրենիքի պաշտպանության գործում, իսկ բանակի մասին եղած թյուր կարծիքները չեն համապապատասխանում իրականությանը, քանի որ բանակն արդեն կայացել է և թևակոխել է զարգացման մեկ այլ փուլ:

3-րդ բանակային կորպուսը պաշտպանում է Հայաստանի հյուսիս-արևելյան դարպասը: Կորպուսի հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանը  մեծ հպարտությամբ  նշեց, որ իրենց կորպուսը մարտական մեծ ուղի է անցել, հակահարված տվել թշնամու ոտնձգություններին, հետախուզական դիվերսիոն հարձակումներին: 3-րդ բանակային կորպուսն ունի իր զինզնշանը, օրհներգն ու դրոշը: Կորպուսի հրամանատարությունը շնորհակալագրեր հանձնեց զինվորների ծնողներին, որտեղ  նշվում է որդիների ազնիվ, բարեխիղճ ու կարգապահ ծառայության մասին. « Երախտապարտ եմ ձեզ հայրենասեր որդիներ ու քաջարի ռազմիկներ դաստիարակելու համար» ,- ասված է շնորհակալագրում:  Բամբակաշատ գյուղից Գայանե Պարոնյանի 2-րդ որդին է ծառայում հայոց բանակում , հուզմունքն աննկարագրելի է, երբ հրամանատարի ձեռքից շնորհակալագիր ստացավ: Զինվորի մոր մաղթանքը աշխարհի խաղաղությունն  է ու իրենց որդիների բարի վերադարձը:  Բանակում տեղի ունեցող բարեփոխումները   փոխել  է հասարակության վերաբերմունքը բանակի նկատմամբ, այդ կարծիքին է նաև ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորամասի  վետերանների խորհրդի նախագահ փոխգնդապետ Մարտիրոսյանը:

Զինվորներին իր օրհնանքի խոսքն ուղղեց ու խաղաղ ծառայություն մաղթեց Արմավիրի թեմի հոգևոր առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը:

 

 

Back to top button