Հասարակություն

Տեղական արտադրության բանջարեղենը ներկրվածից անվտանգ է. փորձագետ

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանյան շուկայում վաճառվող մթերքի որակական խնդիրների մասին սպառողների շահերի պաշտպանները խոսում են պարբերաբար: Նրանց մտահոգություններն առավել սրվում են ամռանը, երբ հատկապես մսամթերքի ու կաթնամթերքի պահպանման կանոնները խախտվում են արտադրության եւ առեւտրի կետերում: Լրագրողներին այսօր հանդիպել է Սննդի անվտանգության պետական ծառայության լաբորատոր ծառայությունների կենտրոնի տնօրեն Արման Գևորգյանը ու ներկայացրել իրենց հետազոտությոնների տվյալները:

Նրբերշիկն առաջին մթերքներից է, որը հատկապես շոգ եղանակին կարող է աղեստամոքսային լուրջ խնդիրներ առաջացնել: Լաբորատոր փորձաքննություններն ամենահաճախը հենց նրբերշիկի մեջ են մանրէներ հայտնաբերում: Ռիսկերը չեն պակասում անգամ այն դեպքում, երբ մսամթերքի այդ տեսակի վրա նշված է «մանկական»: Սննդի անվտանգության պետական ծառայության Լաբորատոր ծառայությունների կենտրոնի տնօրեն Արման Գևորգյանի փոխանցմամբ` այս տարի սննդի տարբեր տեսակների բաղադրության մեջ շուրջ 60 ցուցանիշի գծով խնդիրներ են արձանագրվել: Հիմնական ռիսկերը մանրէների` նորմայից բարձր քանակն է: Լաբորատորիան տարեկան շուրջ 1.2 մլն հետազոտություն է կատարում, դրանց գերակշիռ մասը` պետության պատվերով: Դիմում են նաեւ քաղաքացիներ այն դեպքում, երբ գնած մթերքի որակը կասկած է հարուցում: Լաբորատոր փորձաքննության երբեմն արտադրողն ինքն է բերում իր արտադրանքը, եթե բարեխիղճ է ու պատրաստ է թերությունների ետեւից գնալ: Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի տնօրեն Արման Գևորգյան:

«2013-ին մոտը 100 ապրանքատեսակում մենք ունեցել ենք տարբեր շեղումներ, հիմնականում մանրէաբանական` շուրջ 70 տոկոս: Մի քանի շեղում է արձանագրվել ծանր մետաղների, 1-2 դեպք` պեստիցիդների մասով»:

Գեւորգյանը հերթական անգամ հիշեցնում է` ամենախոցելին մսամթերքի ու կաթնամթերքի շուկաներն են: Որ բրուցելյոզով վարակված տավարի միսը շուկայում վաճառվում է առողջ մսի անվան տակ` առանց որեւէ զգուշացման, պաշտոնյան նորմալ է համարում, ասում է` այս միսը ջերմային մշակման դեպքում բացարձակ անվտանգ է: Իսկ եթե հում մսից մարդու մոտ վարակ առաջանա, ով է պատասխանատու: Արման Գևորգյանը պատասխան չունի, փոխարենը հուսադրում է, թե վարակվելու հավանականությունն է, բարեբախտաբար, փոքր: Բանջարեղենում էլ պեստիցիդների կամ ծանր մետաղների ստուգման արդյունքները նոյւնպես կարելի է անորոշ համարել: Նույն կետում վաճառվող ձմերուկի կույտի մեջ մի քանիսը մի մշակողից են բերված, մյուս մասը` մեկ այլ: Ամեն բանջարեղեն մշակողի հետեւից գնալ, փորձաքննություն անել ու արդյունքներ հրապարակել հնարավոր չէ: Փոխարենը Արման Գեւորգյանը վստահ է` տեղական արտադրության բանջարեղենը ներկրվածից անվտանգ է: Լաբորատորիայի ղեկավարը խնդրին մեկ այլ կողմից էլ է մոտենում:

«Որքան էլ տարբեր լիազոր մարմինները ձեռնարկեն միջոցներ, բարձրացնեն տուգանքներ, ոչնչացնեն խմբաքանակներ, մինչեւ այն պահը, երբ մարդը պատրաստ է մեքենայի բեռնախցիկից գնել անհայտ ծագման միս, գետնից, արկցի վրայից գնել անհայտ ծագման պանիր, խնդիրը չի վերանա»:

Սննդի անվտանգության պետական ծառայության Լաբորատոր ծառայությունների կենտրոնի տնօրենն այսօր կասկածելի որակ ունեցող ոչ մի արտադրանքի կամ արտադրողի անուն չհնչեցրեց: Բացատրեց` իրենք նմուշները ստանում են դիմազրկված, համարակալված, չգիտեն` որն ում արտադրությունն է կամ որ ֆիրմայի որ արտադրատեսակը: Ընդ որում, ըստ լաբորատորիայի ղեկավարի, նույն ֆիրմայի նույն արտադրատեսակը կարող է մանրէներ պարունակել կամ չպարունակել` պայմանավորված այն հանգամանքով, թե որտեղ ու ինչ պայմաններով է այն տեղափոխվում ու վաճառվում: Հենց այստեղ շատ հարցեր փակուղի են մտնում: Եթե պարզվում է, որ մթերքը վտանգավոր է, արդյոք պետական ծառայությունները կարող են եւ մինչեւ վերջ են հետամուտ լինում շղթայական խնդրի վերացմանը: Դուրս է գալիս, որ պատասխանատվության վերջնական կրողն ամեն դեպքում սպառողն է:

Back to top button