ԿարևորՔաղաքական

Սեյրան Օհանյան. Դիվերսիոն խմբի անդամները կպատժվեն մեր օրենքների, միջազգային նորմերի պահանջների համաձայն

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Լեռնային Ղարաբաղի դատախազության այսօր տարածած հայտարարության համաձայն՝ իրավապահ մարմիններն այսօր քրեական գործ են հարուցել Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման փաստի առիթով: Մասնավորապես, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Շահումյանի շրջանի տեղամասում հայտնաբերվել և ձերբակալվել են պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի Հանրապետության երկու քաղաքացի, որոնք զինված են եղել: Երրորդ անձը, որի տվյալները ճշտվում են, ձերբակալման պահին ցուցաբերել է դիմադրություն, որի արդյունքում նա ոչնչացվել է:

Հավաքագրված նախնական նյութերի հիման վրա, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ, հարուցվել է քրեական գործ: Այն ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության վարույթում է, տարվում է նախաքննություն: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի քաղաքացիները պատասխան կտան մեր օրենսդրության և միջազգային նորմերի պահանջների համաձայն։

«Դիվերսիոն հետախուզական գործունեություն են ծավալել, ընդ որում՝ հակառակորդի բանակի ղեկավարությունն այդ գործունեությունն իրականացնելու հարցում օգտագործում է նաև հանցավոր խմբերի, որոնք ծանոթ են այդ տարածաշրջանին։ Նրանք մեր օրենսդրության համաձայն հանցագործություն են կատարել, հարուցվել է քրեական գործ, և նրանք պատասխան կտան մեր օրենքների, միջազգային նորմերի պահանջների համաձայն»,- այսօր հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում՝ «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագրով բարեգործական ծրագրի ամփոփման ժամանակ։

Քարվաճառի ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն-հետախուզական գործողությունների ժամանակ, հիշեցնենք, սպանվել է 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 37-ամյա Կարինե Դավթյանը, ով այժմ ծանր կայուն վիճակում գտնվում է հիվանդանոցում։

Պատասխանելով հարցին, թե տեսակետ կա, որ սահմանը հատած ադրբեջանցիները դիվերսիոն նկրտումներ չեն ունեցել, նախարարը հորդորել է սպասել քննության ավարտին և ձեռնպահ մնալ սիրողական գնահատականներից։ «Թույլ տանք, որ մասնագետները համապատասխան եզրակացություն տան: Եթե բանակային գործընթաց է, և հարցը վերաբերում է զինված ուժերին, թույլ տվեք, որ զինված ուժերի ղեկավարությունն ու փորձագետները վերջնական գնահատականները տան: Մենք մեր գնահատականը տվել ենք, որ դիվերսիոն- հետախուզական գործողություն է։ Քրեական գործը մինչև վերջ կպարզի»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Նախարաը նաև չբացառեց, որ Քարվաճառի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանի անհետացումը նույնպես կապ ունի դիվերսիոն խմբի գործողությունների հետ: Այս հարցի պատասխանը նույնպես, ըստ Սեյրան Օհամյանի, կտա քրեական գործով վարվող նախաքննությունը։

 

Back to top button