Մշակույթ

Չեմ հասկանում, թե ինչու թուրքերը չեն ճանաչում հայերի ցեղասպանությունը. իսրայելացի ռեժիսոր

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

«Ժամանակակից կինոյի աշխարհը հարուստ է փողով, բայց աղքատ գաղափարներով: Գաղափարական սով է այսօր կինոյում»,-ասում է 80-ից ավելի վավերագարկան ու խաղարկային ֆիլմերի հեղինակ, իսրայելացի ռեժիսոր Ամոս Գիտայը, ով այս օրերին Երևանում է և իր ֆիմերի հետահայաց ցուցադրությամբ կներկայանա հայ հանդիսատեսին: «Ոսկե ծիրան»-ի հյուրերի թվում է թուրք ռեժիսոր Թայֆուն Փիրսելիմողլուն, ում «Ես նա չեմ» ֆիլմը ներկայացված է փառատոնի միջազգային խաղարկային մրցույթում:

«Ժամանակակից կինոյի աշխարհը հարուստ է փողով, բայց աղքատ գաղափարներով: Գաղափարական սով է այսօր կինոյում: Կինոդպրոցներն անընդհատ կրկնում են իրենք իրենց»,-ասում է 80-ից ավելի վավերագարկան ու խաղարկային ֆիլմերի հեղինակ, իսրայելացի ռեժիսոր Ամոս Գիտայը, ում ստեղծագործության անսպառ նյութը հրեա-արաբական հակամարտությունն է ու Միջին Արևելքի իրականությունը: «Ոսկե ծիրան» կինոփառոտնի շրջանակներում տեղի կունենա Գիտայի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Ռեժիսորը թեև առաջին անգամ է Հայաստանում, բայց նշում է, որ երկար տարիներ մտածել է Հայաստանի մասին ու միշտ ներքին ցանկություն է ունեցել տեսնել ու ծանոթանալ այս երկրին, որտեղ ապրում է ժողովուրդ, որն անցել է ջարդերի միջով ու կարիք ունի, որ իր ցավը ներկայացվի աշխարհին: Ռեժիսորի համոզմամբ՝ կինոն հզոր միջոց է հիշողությունը պահելու համար:

«Ես երբեք չեմ հասկացել, թե ինչու թուրքերը չեն ճանաչում հայերի ցեղասպանությունը: Ես ընդհանրություններ եմ տեսնում հայ և հրեա ժողովուրդների պատմության և ինքնության միջև: Միանգամայն օրիանական ու արդարացված է հայերի պահանջը, նույնկերպ, ինչպես արդարացված և օրիանական է հրեաների պահանջը: Եվ սա ամենևին էլ անցյալի ու հիշողության հետ կապված սենտիմենտալ խնդիր չէ: Միայն անցյալի ոճրաործությունները դատապարտելով կարող ենք վստահ լինել, որ ապագայում դրանք չեն կրկնվի: Ցեղասպանության ճանաչման գործընթացում քաղաքականությունն, իհարկե, կարևոր է, բայց նույնքան կարևոր է նաև արվեստը, որի ուժն անպայման պետք է օգտագործել»:

«Ոսկե ծիրան»-ի այս տարվա հյուրերի ցանկում նաև թուրք հայտնի ռեժիսոր Թայֆուն Փիրսելիմողլուն է: «Ոսկե ծիրան»-ի միջազգային խաղարկային մրցույթում ներկայացված նրա 2013-ին նկարահանված, Թուրքիայի, Հունաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի համատեղ արտադրության «Ես նա չեմ» ֆիլմը, որի հերոսը հանգամանքների բերումով փոխում է իր կյանքն ու ինքնությունը, դառնալով ուրիշ մարդ՝ առանց հաշվի առնելու հետևանքները:

«Ֆիլմի հիմքում մարդկային ինքնության փոփոխությունն է, ինչը հաճախ է տեղի ունենում իմ ֆիլմերում. անձը վեցնում է ուրիշի անհատականությունն ու ներկայանում դրանով: Ինքնությունը փոխում են հիմնականում գոյատևելու համար: Այս ֆիլմում թվում է, թե հերոսը ոչ մի պատճառ չունի իր ինքնությունը փոխելու, բայց դա տեղի է ունենում: Կարծում եմ, որ յուրաքանչյուրիս գլխում էլ կա մի ուրիշ կյանք: Դոստոևսկին ասել է.«Սովորական մարդիկ սարսափելի են, քանի որ սարսափելի պատմություններ են թաքցնում»: Ես ֆիլմում բարձրացնում եմ հարցեր, բայց դրանց չեմ փորձում պատասխանել»:

Ռեժիսորն ասում է, որ ինքնության խնդիրն այսօր արդիական է Թուրքիայում և չի բացառում, որ իր ֆիլմերի հերոսներից մեկն էլ հետագայում լինի ինքնությունը կորցրած մի հայ:

 

Back to top button