Քաղաքական

Հայոց ցեղասպանության լուսաբանման երկու առանցքային խնդիրը՝ ըստ Սփյուռքի նախարարի

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին կազմակերպված Հայ Կաթողիկե հաղորդակցության միջոցների երկրորդ համագումարը պետք է օգտագործել որպես միջոց՝ ազգային խնդիրները աշխարհին կազմակերպված և լավագույնս ներկայացնելու ուղղությամբ, հայտարարել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ մասնակցելով համագումարի բացմանը։

Նախարարն առանձնացրել է առանցքային երկու խնդիր, որոնց պետք է անդրադառնա ցանկացած հայկական լրատվամիջոց. Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման, հետևանքների վերացման և հայկական երկու պետությունների հզորացման հարցերը։

«Ցեղասպանությանը զոհ գնացած մարդկանց և նրանց ժառանգներին անդրադառնալուց զատ պետք է բարձրաձայնել նաև մեր մշակութային և հոգևոր կոթողների, եկեղեցիների ոչնչացման, արևմտահայերենի վտանգված լինելու, Թուրքիայում բնակվող ծպտյալ հայերի խնդիրների մասին։ Պայքարելով հանուն Ցեղասպանության ճանաչման՝ պետք է հատուկ անդրադարձ կատարել Ցեղասպանությունը վերապրած հայերի ժառանգների կյանքի պատումներինե,- ասել է Հրանուշ Հակոբյանը։

Նա նշել է, որ թուրքական հակահայկական քարոզչությունն ամբողջ աշխարհում բացահայտ է, ուստի կարևոր է մեծ ուշադրություն դարձնել և խոսել այն թուրք մտավորականների մասին, ովքեր ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ լրահավաք աշխատանքներ իրականացնելիս ճշգրտել տեղեկատվության աղբյուրը։

«Այսօր աշխարհում գործում են 78 հայագիտական կենտրոններ, որոնք նույնպես իրենց խոսքը պետք է բերեն Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում»,- ընդգծել է Հրանուշ Հակոբյանը։

Հայ Կաթողիկե հաղորդակցության միջոցների 2-րդ համագումարը Երեւանում մեկնարկել է այսօր՝ Հայ Կաթողիկե եկեղեցու հաղորդամիջոցների հանձնախմբի նախաձեռնությամբ և ՀՀ Սփյուռքի նախարարության համագործակցությամբ։ Հանձնախմբի նախագահ, Հայ Կոթողիկե եկեղեցու Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջնորդ Հայր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը համագումարի մասնակիցներին ներկայացրել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Գերաշնորհ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ողջույնի ուղերձները, Զմմառի մեծավոր Հայր Վարդան վարդապետ Գազանճյանը Հայ Կաթողիկե եկեղեցու Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ Տեր Ներսես Պետրոս ԺԹ- ի օրհնության գիրը։

Back to top button