

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Սահմանային լարված իրադրության, ադրբեջանական դիվերսիոն հարձակումների թեմային այսօր անդրադարձել է «Արաբո» ջոկատի հրամանատարը: Մանվել Եղիազարյանը պատերազմի վտանգը ռեալ է համարում, կարծում է, որ սթափության ու զգոնության կարիք կա: Այլ կարծիք ունի ռազմական փորձագետը: «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը համոզված չէ, որ Ադրբեջանի կողմից հետախուզական դիվերսիաների փորձերը կարող են լայնածավալ ռազմական գործողությունների հանգեցնել։
Սահմանային վերջին միջադեպը հուլիսի 12-ին Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացումն էր: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ձեռնարկված պատասխան գործողությունների ժամանակ հայ զինվորները ոչնչացրել են մեկ դիվերսանտի, սակայն փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա և վիրավորվել է մի կին:
Մինչ այս միջադեպը՝ հուլիսի 10-ին, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հաստատել էր տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն է կատարել` կրկին Քարվաճառի ուղղությամբ:
Այս դեպքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Ղարաբաղի պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել էր, անդամների մի մասը ձերբակալվել էին, մյուսները դիմել էին փախուստի։
Պաշտպանության նախարարության արդեն այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ անհերքելի են ապացույցները, որ իրականում գործ ունենք հանցավոր խմբի հետ, որը հավաքագրվել և դիվերսիոն նպատակներով օգտագործվել է ադրբեջանական իշխանությունների կողմից:
«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի կարծիքով՝ սահմանային լարվածության մեծացումն ահազանգ է պատերազմի հնարավոր վերսկսման մասին: Նա ոչ միայն սթափութայն կոչ է անում, այլ նաև հորդորում է մտածել այլընտրանքային լուծումների մասին:
«Աշխարհում մոտ 8-10 մլն հայ կա: մենք հնարավորություն ունենք ռեզերվային կորպուս ստեղծել: Ամեն մեկին որոշակի գումարի դիմաց 2-3 ամիսը մեկ բերեն պալիգոն սովորացնեն, վերհիշեն զենքի հետ վարվելու կանոնները, նոր տակտիկաների հետ ծանոթացնեն, հետ ուղարկեն: Ես կարծում եմ հայ տղարմարդկանց մեջ կգտնվեն այն 20 հազարը, ովքեր անհրաժեշտության դեպքում կպահեն մեր սահմանը: Մեր ճակատը մեծ չէ, մեր հակառակորդն էլ այդքան ռեզերվ չունի»:
«Արաբոյի» հրամանատարը կարծում է, որ օրախնդիրը խրամատների ամրացումն է, եթե ոչ ամբողջ ճակատի երկայնքով, ապա գոնե ստրատեգիական կետերում: Ընդհանուր առմամբ ՝ ջոկատի հրամանատարը պատերազմի վտանգը ռեալ է համարում և կարծում է, որիրավիճակը լրացուցիչ սթափություն ու զգոնություն է պահանջում : Նույն կարծիքին չէ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանը: Նա համոզված չէ, որ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հետախուզական դիվերսիոն փորձերը կարող են լայնածավալ ռազմական գործողությունների հանգեցնել։ Փորձագետը հիմնավորումն այն է, որ սահմանային լարվածության նման օրինակներ եղել են նաև նախորդ տարիների ընթացքում, այս անգամ տարբերությունը միջազգային հարաբերությունների ֆոնն է:
«Տարբերվում է նախորդ շրջաններից նրանով, որ այս զարգացումները տեղի են ունենում քաղաքական լուրջ զարգացումների , Ռուսատան-արևմուտք հարաբերությունների սրման ֆոնին, ինչը և հանրության, և փորձագիտական շրջանակներում ինչ-որ վախեր է ստեղծում ՝ հնարավո՞ր է մեծ պատերազմ, թե՞ ոչ»:
Լարվածության մեծացումը փորձագետը պայմանավորում է նաև նրանով, որ ադրբեջանական յուրաքանչյուր գործողության հետևում է հայկական ուժերի հակապատասխանն ու հակաքայլը, ինչը Ադրբերջանին ստիպում է նոր քայլի դիմել՝ պարիտետը պահելու փորձով: Սա հանգեցնում է սահմանային լարվածության պիկային իրավիճակների:
«Երբ շփման գոտում խաղաղությունը պահպանվում է առանց խաղաղապահ զորքերի, երբ կողմերից մեկը համաձայն չէ 2 տասնամյակ առաջ ձևավորված իրավիճակի հետ, բնականաբար նման լարումները կշարունակվեն: Բայց դժվար թե դրանք բերեն լուրջ պատերազմական գորոծությունների, որովհետև դրա համար Ադրբեջանը պետք է առնվազն ավելի բարենպաստ միջազգային քաղաքական հնարավորոթյուններ ունենա, ինչը չունի, և առավել լուրջ ռազմական առավելություն, որը նույնպես այս պահին չունի: Չնայած Ադրբեջանի միլիտարիզացիայի տեմպերին ՝ Հայաստանը պահպանում է ռազմական բալանսը»:
Հետևաբար՝ առաջիկայում փորձագետը սահմանային լարվածության նվազում է կանխատեսում, որը, սակայն, կպահպանվի այնքան, քանի դեռ քաղաքական նոր փուլ չի սկսվել: