Հասարակություն

Հայտնի չեն, թե Հայաստանում քանի կրոնական կազմակերպություններ են գործում

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպությունները 65-ն են, իսկ թե չգրանցվածները քանիսն են, ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասատրյանը նման տեղեկատվության չի տիրապետում: Խոսելով Հայաստանում կրոնական հիմնահարցերի վերաբերյալ` Վարդան Ասատրյանը հայտնել է, որ կրոնական հարաբերությունների վերաբերյալ օրենսդրական դաշտը շատ բաց է, վերահսկողություն չկա: Օրենքի նոր նախագիծն այժմ Արդարադատության նախարարությունում է, որում ներառվել են նաև իրենց առաջարկներն ու մտահոգությունները:

Հայաստանում աղանդավորական կազմակերպությունների թվի ավելացում, բացի մալականներից, վերջին 5 տարիներին չի նկատվել, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասատրյանը, հայտնելով, որ գրանցված կրոնական կազմակերպությունները Հայաստանում 65-ն են, իսկ չգրանցվածների մասին իրենք որևէ հստակ տեղեկատվություն չունեն: Նա նաև հայտնեց, որ գործող «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը պարտադրում է, որ բոլոր կրոնական կազմակերպությունները գրանցվեն, ինչը, սակայն, հակասում է միջազգային նորմերին։

Թե, երբ կդրվի այն շրջանառության մեջ` Վարդան Ասատրյանը հստակ չգիտի, քանի որ նոր օրենքի նախագիծն արդեն 2 տարի է` գտնվում է Արդարադատության նախարարությունում: Միայն առանձնացրեց իրենց առաջարկները:

Առաջարկել են, որպեսզի չգրանցված կազմակերպությունները ևս մտնեն իրավական դաշտ` հասկանալու համար, թե Հայաստանում ի վերջո գործող կրոնական կազմակերպությունները քանիսն են: Հակառակ Վարդան Ասատրյանի` չգրանցված կազմակերպությունունների թվի մասին բավականին լավ պատկերացում ունի «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ Սևակ Հովհաննիսյանը: Նրա տեղեկացմամբ դրանց թիվն անցնում է 250-ը: Ինչ վերաբերում է գրանցվածներին, այսօր էլ ամենաակտիվները շարունակում են մնալ Եհովայի վկաները, մորմոնները: Ակտիվությամբ չի զիջում նաև «կյանքի խոսքը»:

Back to top button