Հայաստանում ցողունային բջիջների փոխպատվաստում կիրականացվի


Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Երեւանի Արյունաբանական կենտրոնում առաջիկա 2 տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել տարածաշրջանում եզակի բարձր դեղաչափային քիմիոթերապիայի և ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք: Կենտրոնն այժմ վերակառուցման փուլում է: Արյունաբանական կենտրոնի մասնագետների համար էլ վերապատրաստման ծրագրերն անընդհատ են լինելու: Արտասահմանցի արյունաբանները նրանց կկրթեն այստեղ կամ եվրոպական երկրների առաջադեմ բուժհաստատություններում կրթական նոր չափորոշիչներով:
Քիմիոթերապիա, դեղորայք, դոնորական արյունի փոխներարկում. սա է Հայաստանում կիրառվող բուժման մեթոդը, երբ ախտորոշումը լեյկոզ է կամ արյան չարորակ այլ հիվանդություն: Եթե այս տարբերակներն արդյունք չեն տալիս, վերջին հնարավորությունը ոսկրածուծի կամ ցողունային բջիջների փոխպատվաստումն է, ինչը մեր երկրում մինչ օրս չի իրականացվում: Արտասահմանում բավականին թանկ այս միջամտությունը հասանելի է ոչ բոլորին: 2 տարի հետո նման հիվանդներին կենսատու բջիջները հնարավոր կլինի փոխպատվաստել հենց Հայաստանում ու հայ բժիշկների ձեռքով: Երեւանի Արյունաբանական կենտրոնում ստեղծվում է տարածաշրջանում եզակի բարձր դեղաչափային քիմիոթերապիայի և ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք: Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանն ընդգծում է` նոր ծրագրերը պարտադրում են նաեւ նոր որակի մասնագետներ ունենալ:
«Մեր քիմիական բուժումն արդյունավետ չէ: Իսկ այսօր իրականացվող ծրագիրը միտված է հենց փոխելու իրականացվող բոլոր ծրագրերի որակը, ավելի արդյունավետ դարձնելու բուժման ողջ ընթացքը: Փաստորեն, բուժական բոլոր պլատֆորմաները փոխվելու են, ու ինտենսիվ քիմիոթերապիայի հիմքն է դրվելու արյան հիվանդություններ ունեցող մարդկանց բուժման գործընթացում»:
Արյունաբանական կենտրոնը նոր որակի բերելու ծրագրերը կյանքի կոչելուն աջակցում է Եվրամիության անդամ երկրներում իրականացվող TEMPUS ծրագիրը: Ծրագիրը տարածվում է ոչ միայն արյունաբանական կենտրոնի վրա, որի մասնագետները պետք է վերապատրաստվեն, այլեւ Երեւանի պետական եւ պետական բժշկական համալսարանների վրա: Այս բուհերում այսուհետ արյունաբանությունն ու կից առարկաները կուսուցանվեն առավել բարելավված ծրագրերով: Տեխնիկական վերազինումն էլ թույլ կտա առավել լավ տիրապետել հեմատոլոգիայում կիրառվող բուժման պրոտոկոլներին: Հայ մասնագետները վերապատրաստման հնարավորություն կունենան նաեւ եվրոպական երկրների առաջադեմ հաստատություններում:
«Արյունաբանությունն իր բոլոր փուլերով կենտրոնանում է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում»:
Պրոֆեսոր Գուգլիեմո Մարիանին, ով իտալական Ֆեռարա համալսարանում է դասավանդում, արդեն 15 տարի է` TEMPUS ծրագրով փոխանցում է իր մասնագիտական գիտելիքները տարբեր երկրների մասնագետներին: Այս օրերին եվրոպական երկրների առաջադեմ ուսումնական հաստատություններ ներկայացնող այլ մասնագետների հետ նա Հայաստանում է: Այսուհետ Հայաստանում կիրառվող կրթական ծրագրերում ու բժշկական պրակտիկայում փոփոխություններ կլինեն նաեւ իտալացի մասնագետի խորհրդով:
«Մենք ցանկանում ենք Հայաստանում ներդնել այն ծրագրերն ու բուժական մեթոդները, որոնք կիրառվում են եվրոպական առաջատար երկրներում: Առաջին հերթին պետք է ծրագրերը ներդաշնակեցվեն եվրոպական չափորոշիչներին: Իսկ առավել որակյալ բուժում իրականացնելու համար անհրաժեշտ է բարձր որակավորմամբ մասնագետներ ունենալ»: