Մշակույթ

Կյանքից հեռացել է աշխարհահռչակ դիրիժոր Լորին Մաազելը

ԱՄՆ-ում՝ 84 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ ամերիկացի դիրիժոր, ջութակահար և կոմպոզիտոր Լորին Մաազելը:  Մաազելը մահացել է Վիրջինիա նահանգի իր տանը՝ թոքաբորբից։ Մաազելը ծնվել է 1930թ.-ին՝ Փարիզում։Մաեստրո Մաազելը ղեկավարել է ավելի քան 150 նվագախումբ, առնվազն 5000 օպերային և համերգային կատարումներ։ Նա կազմել է ավելի քան 300 ձայնագրություն, այդ թվում՝ սիմֆոնիկ շարքեր՝ Բեթհովենի, Բրամսի, Դեբյուսիի, Մալերի, Շուբերտի, Չայկովսկու, Ռախմանինովի և Ռիչարդ Շտրաուսի լիակատար նվագախմբային ստեղծագործությունները, որոնք տաս գլխավոր մրցանակ են ստացել։ Լորին Մաազելը եղել է Բավարիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրեն (1993-2002), Փիթսբուրգի սիմֆոնիկի երաժշտական տնօրեն (1988-96), Վիեննայի պետական օպերայի գլխավոր և երաժշտական տնօրեն (1982-84, առաջին ամերիկացին, որ ստանձնել է այդ պաշտոնը)։

Նա եղել է նաև Քլիվլենդի նվագախմբի երաժշտական տնօրենը (1972-82) և Բեռլինի Գերմանական օպերայի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը (1965-71)։ 1985-ին նրան շնորհվել է Իսրայելի ֆիլհարմոնիայի պատվավոր անդամի կոչում, երբ ղեկավարել է իր 40-ամյա գործունեության համերգը։ Նա նաև Վիեննայի ֆիլհարմոնիայի պատվավոր անդամ է, Բեռլինի ֆիլհարմոնիայի Հանս ֆոն Բյուլովի արծաթե մեդալակիր։ Վիեննայի ֆիլհարմոնիայի հետ նրա սերտ համագործակցությունը ներառում է 11 միջազգային հեռուստատեսային Ամանորյա համերգ Վիեննայից (հաճախ մաեստրո Մաազելը տոնակատարություններին հանդես է գալիս որպես ջութակահար)։

Նշենք, որ 2012 թվականին «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում Լորին Մաազելը ելույթ է ունեցել Հայաստանում. նա ղեկավարել է Ամստերդամի Թագավորական Կոնցերտգեբաու նվագախումբը՝ 120 հոգանոց կազմով:

Back to top button