Մաքսային միությունը ռուս- թուրքական դաշինք է, ասում է Հայրիկյանը


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը շարունակում է մնալ իր կարծիքին՝ Հայաստանը պետք է անդամակցի ոչ թե ՄՄ կամ Եվրասիական միությանը, այլ շարունակի դեպի Եվրոպա իր ինտեգրումը։ Հայրիկյանի պնդմամբ՝ Մաքսային միությանը ռուս-թուրքական դաշինք է, իսկ Հայաստանն էլ այժմ շատ ավելի վատ վիճակում է հայտնվել, քան՝ 1915 թ ցեղասպանությունից առաջ էր։ «Այո, խուճապի հիմքեր կան, անհանգստության լուրջ հիմքեր կան, և սրանք պետք է կանխել»,- ասում է։
Կանխելու ամենակարճ ճանապարհը, ըստ ԱԻՄ առաջնորդի, իշխանության իրական հրաժարականն է: Հրաժարականից հետո սպասվող զարգացումների սցենարը, ըստ գործչի, հետևյալն է. դրանից հետո պետք է իշխանության գան եվրոպամետ ուժեր։ «Վարչապետ պետք է նշանակվի եվրոպական կողմնորոշմամբ իսկապես խոստումնալից անհատ, այդ անհատը դառնում է 40 օր հանրապետության նախագահ, նախատեսվում են նոր ընտրություններ, այդ անհատը հայտարարում է , որ մենք վերադառնում ենք Եվրոպական Միության հետ ասոցացման համաձայնագրի դրույթներին»,- մեխանիզմն է բացատրում Հայրիկյանը։
«Հայաստանը, որ Ռուսաստանի կողմնակիցն է, ՄԱԿ-ում Ռուսաստանի օգտին է քվեարկել, բնական է, որ ընկալվում է որպես չարիքի մասնակից, բնական է նաև, որ որոշ կառույցներ փոխեցին իրենց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Իսկ վերաբերմունքը փոխվեց տարբեր կառույցների կողմից հնչող միակողմանի զիջումների մասին հայտարարությունների տեսքով»,- եզրափակում է ԱԻՄ առաջնորդը։