ԿարևորՔաղաքական

ՀՀ նախագահի լատինամերիկյան այցի վերջին կանգառը Չիլին էր

Բարձր մակարդակի բանակցություններ՝ «Մոնեդա» պալատում
Պաշտոնական այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 11-ին հանդիպում է ունեցել Չիլիի Նախագահ Միշել Բաշելեի հետ:

Մինչ այդ, հանրապետության նախագահը ծաղկեպսակ է դրել Չիլիի ազգային հերոս գեներալ Բեռնարդո Օ’Հիգինսի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:

Չիլիի նախագահի նստավայրում՝ «Մոնեդա» պալատում, ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշել Բաշելեի հանդիպումը:

Հայաստանի և Չիլիի նախագահները քննարկել են հայ-չիլիական միջպետական կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացման հեռանկար ունեցող մի շարք ոլորտներում համատեղ ջանքերի ներդրման հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Ափսոսանքով նշելով, որ Հայաստանի և Չիլիի միջև հարաբերությունները Հայաստանի անկախացումից ի վեր ցանկալի տեմպով չեն ընթացել, զրուցակիցները համակարծիք են եղել, որ ժամանակակից աշխարհում նույնիսկ աշխարհագրական հեռավորությունն այլևս խոչընդոտ չէ, հատկապես այն պարագայում, երբ երկու ժողովուրդներն էլ իրենց զարգացման ուղին կառուցում են միևնույն արժեքների հիման վրա: ՀՀ նախագահն ընդգծել է, որ իր այցը միտված է լրացնելու տարիների այս բացը և հարաբերությունների նոր փուլ սկսելու երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման նպատակով:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայաստանի և Չիլիի միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, որը, կողմերի համոզմամբ, նոր հնարավորություններ կբացի ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման համար:

Այս համատեքստում նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է մեկ ամիս առաջ Երևանում կայացած առաջին բիզնես-սեմինարը, որի ժամանակ լատինաամերիկյան տարածաշրջանով հետաքրքրված հայ գործարարներին ներկայացվել են Չիլիի հետ գործարար կապեր հաստատելու հնարավորությունները:

Հեռանկարային է համարվել մի շարք ոլորտներում, այդ թվում` գյուղատնտեսության և հատկապես գինեգործության բնագավառում փոխգործակցությունը: Հայ-չիլիական համագործակցության ընդլայնման համատեքստում Հայաստանի և Չիլիի նախագահները ոչ պակաս կարևոր են համարել գիտակրթական, մշակութային, զբոսաշրջության ու սպորտի բնագավառներում փոխգործակցության երկուստեք խրախուսումն ու զարգացումը: Հատկապես այս ոլորտները, ըստ նրանց, կարող են նպաստել նաև երկու բարեկամ ժողովուրդների միջև ակտիվ շփումներին ու փոխճանաչելիությանը:

ՀՀ նախագահի համոզմամբ, միջպետական կապերի ամրապնդման տեսանկյունից կարևոր է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի և Չիլիի մոտեցումներն ու դիրքորոշումները համամարդկային նշանակության կարևորագույն հարցերի շուրջ համահունչ են: Դրա վառ ապացույցը, ըստ Սերժ Սարգսյանի 2007թ. Չիլիի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելն էր` շահելով աշխարհի համայն հայության անմնացորդ համակրանքն ու հարգանքը` որպես անկեղծ և հուսալի բարեկամ:

Երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում նախագահներն ընդգծել են Չիլիում փոքրաթիվ հայ համայնքի համեստ, բայց միևնույն ժամանակ ուրույն դերակատարումը:

Հանդիպման ավարտին երկու երկրների նախագահների ներկայությամբ Հայաստանի և Չիլիի արտաքին գործերի նախարարները ստորագրել են «ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՉՀ արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Այնուհետ Չիլիի նախագահ Միշել Բաչելետի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի, տրվել է պաշտոնական ճաշ:

Հանդիպում Չիլիի խորհրդարանի նախագահի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Չիլիի ազգային կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ալդո Կոնրեխո Գոնսալեսի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք մեծապես կարևորվել է խորհրդարանականների դերը միջպետական կապերի, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում, ընդգծվել է միջխորհրդարանական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Հայաստանի և Չիլիի խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերը, զրուցակիցների կարծիքով, էական աջակցություն կարող են ունենալ այդ հարցում և առաջիկայում մեծ աշխատանք ունեն իրականացնելու: Օրենսդիր մարմինների փոխգործակցությունը, նախագահ Սերժ Սարգսյանի և Չիլիի ազգային կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Ալդո Կոնրեխո Գոնսալեսի համոզմամբ, կխթանեն նաև առևտրատնտեսական ու մշակութային կապերը:

Հաշվի առնելով օրենսդիր գործունեության մեջ Ալդո Կորնեխո Գոնսալեսի երկարամյա փորձը, գիտելիքներն ու բարձր հեղինակությունը՝ ՀՀ նախագահը նշել է, որ կցանկանար, որպեսզի նա անձամբ նախաձեռնող լիներ հայ-չիլիական միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում:

Ալդո Կոնրեխո Գոնսալեսը վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը` իր իրավասությունների շրջանակներում սերտացնելու Հայաստանի խորհրդարանի հետ կապերը: Նա կարևորել է բարեկամության խմբի չիլիացի պատգամավորների այցը Հայաստան, ընդգծելով, որ այն անպայմանորեն պետք է ունենա հստակ օրակարգ, համագործակցությունն անհրաժեշտ է տեղափոխել գործնական հարթություն` մեկ առ մեկ լուծելով բոլոր խնդիրները:

Միջխորհրդարանական փոխգործակցության համատեքստում նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է 2007թ. հունիսին Չիլիի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը, որը, Հայաստանի Նախագահի համոզմամբ, հայ-չիլիական բազմամյա բարեկամության նոր էջ բացեց՝ միաժամանակ երկու երկրների միջխորհրդարանական կապերին հաղորդելով առանձնակի բնույթ:

Հանդիպում Սանտյագոյի քաղաքապետի հետ
Սանտյագոյի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցած ընդունելության պաշտոնական արարողությունից հետո քաղաքապետ Կարոլինա Տոհան Հայաստանի նախագահին է հանձնել քաղաքի բանալին և քաղաքի պատվավոր այցելուի պատվոգիրը: Իր խոսքում նա անդրադարձել է հայ-չիլիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման կարևորությանը` ՀՀ նախագահի այցը մեծ խթան համարելով այդ ճանապարհին։

«Հայաստանի Հանրապետությունը լինելով երիտասարդ պետություն` ունի հնամենի մշակութային հարուստ ժառանգություն: Եվ ինչպես շատ հնագիտական ուսումնասիրություններ են ցույց տալիս, Հայաստանը աշխարհի քաղաքակրթության բնօրրաններից է: Հայաստանը շատ հետաքրքիր մի մշակույթ է ձևավորել շնորհիվ Եվրոպայի և Ասիայի հետ իր մշտական կապի: Հայերի պարն ու երաժշտությունը ամենահինն ու ինքնատիպն են: Պատմության հազարամյակների ճանապարհին հայերը կարողացել են պահպանել իրենց ինքնությունը, և մենք` չիլիացիներս մեր մեծ հարգանքն ենք մատուցում այդ ամենի համար: Կարճ ժամանակահատված է անցել, երբ Հայաստանն ու Չիլին դիվանագիտական հարաբերութուններ հաստատեցին, որից հետո 1993թ. Պաշտոնականացվեցին հարաբերությունները միջազգային կառույցների միջոցով: Այդուհանդերձ, այս հանդիպումը երկու ժողովուրդների համար լավ խթան և հնարավորություն է ճանաչելու միմյանց և Հայաստանի հազարամյա մշակույթը»,-ասել է Սանտյագոյի քաղաքապետը:

Պատասխան խոսքում նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ուրախ է գտնվել Լատինական Ամերիկայի իրավամբ լավագույն քաղաքներից մեկում` Սանտյագոյում, և ի դեմս քաղաքպետ Տոհայի հանդիպել մշտապես ծաղկող այս քաղաքի հմուտ ղեկավարին։

«Անչափ տպավորված եմ Սանտյագոյի առաջընթացով` պայմանավորված ինչպես գործարարության համար ստեղծված բարենպաստ պայմաններով, քաղաքային տնտեսության արդյունավետությամբ, անվտանգության բարձր աստիճանով, Սատյագոյի բնակիչների կենսամակարդակի բարձր ցուցանիշով, այնպես էլ քաղաքային ներհատուկ կոլորիտով, որի շնորհիվ Սանտյագոն դասվում է աշխարհի ամենագրավիչ և հետաքրքիր այցելավայրերի շարքին: Հիացած եմ քաղաքի նրբագեղ ճարտարապետությամբ, քաղաքը շրջապատող Անդյան վսեմ լեռնաշղթայով, որը հիշեցնում է Երևանն ու համայն հայության խորհրդանիշ բիբլիական Արարատ լեռը»,- ասել է ՀՀ նախագահը։

Հանդիպում հայ համայնքի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև Չիլիի հայկական համայնքի կողմից տասնամյակներ առաջ հիմնված «Հայ տուն», ծաղկեպսակ դրել բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ծառատունկ կատարել, որից հետո հանդիպում է ունեցել չիլիահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահը հանդիպման ժամանակ խոսել է հայ-չիլիական հարաբերությունների ամրապնդման գործում փոքրաթիվ, սակայն գործունյա չիլիահայ համայնքի դերի, հայապահպանության և համազգային այլ կարևորագույն խնդիրների մասին, ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող և հաջորդ տարի ու նաև դրանից հետո նախատեսվող միջոցառումները, խոսել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար:

Նախագահն ընդգծել է, որ հպարտ է նման հայրենակիցներով և վստահ, որ հայ ժողովրդի հաջողության միակ բանալին, ինչպես բազմիցս է ասվել, միասնությունն է` Հայրենիքը ուժեղ է Սփյուքով, Սփյուռքը` Հայրենիքով: Ավարտելով տարածաշրջանային այցը Հարավային Ամերիկա` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադառնում է Երևան:

Back to top button