

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Արամ Խաչատրյան համերգասրահում երեկ կրկին ներկայացրեց Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի համերգային կատարումը։ Աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանի կատարմամբ Ֆլորիա Տոսկայի դերերգը կրկին մեծ հիացմունք է պատճառել երևանյան հանդիսատեսին: Հիշեցնենեք, որ պետական ֆիլհարմոնիկը 40 տարվա ընդմիջումից հետո «Տոսկան» Երևանում կրկին բեմ բարձրացրեց այս տարվա փետրվարին: Համերգից հետո «Ռադիոլուրը» հարցազրույց է ունեցել Հասմաիկ Պապյանի հետ։
Տոսկայի կերպարի ամենահայտնի մարմնավորողներից մեկի՝ աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանի ելույթը փետրվարյան համերգներից հետո երեկ կրկին բախտ ունեցավ վայելել երևանյան հանդիսատեսը: Մոտ երեք ժամ տևած համերգից հետո հանդիսատեսի տպավորությունների մասին վկայում էին չդադարող ծափերն ու կուլիսներում գոյացած մարդկային հերթը՝ երախտիքի ու շնորհավորանքի խոսքեր ասելու մաեստրո Թոփչյանին, համերգի բոլոր մենակատարներին և, մասնավորապես, Հասմիկ Պապյանին, ով չզլացավ պատասխանել նաև «Ռադիոլուրի» մի քանի հարցերին:
Այն, ինչ վայելեց հանդիսատեսը, ակնհայտ էր, իսկ ինչ տարավ իր հետ երգչուհին բեմից և դահլիճից. «Դուք ասում եք, որ հանդիսատեսը շատ մեծ էներգիա և լիցքեր ստացավ, պատկերացրեք, որ ես ստանում եմ դրա հազարապատիկը»,- ասում է։
«Հայ ունկնդիրը սիրում և անգամ բնազդով ընդունում է լավ երաժշտությունը: Նրան պետք է պարզապես մատուցել այդ երաժշտոթյունը»,- ասում է Հասմիկ Պապյանը, մարդ, ով երբեք չի դադարում շոշափել և զգալ իր երկրի զարկերակը: Ինչպես ինքն է ասում՝ սրտով մասնակից է այստեղ կատարվող բոլոր իրադարձություններին: Ինչ որ բաներ նրան ցավ են պատճառում, ինչ որ բաներ՝ զարմանք, հպարտություն են ներշնչում երիտասարդները։
Երգչուհուն անհասկանալի է նաև հայի այն տեսակը, որը պարիսպ է կառուցում իր տան առաջ: «Ումի՞ց եք թաքնվում, գուցե ամաչում կամ վախենում: Ի վերջո՝ պետք է բացվեն այդ պարիսպները»,- ասում է:
Հասմիկ Պապյանի։ 2015 թվականի ծրագրերում գերակշռում են Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները, որոնց թվում բազմաթիվ համերգներն են եվրոպական հեղինակավոր դահլիճներում։«Այսօր մենք կանք և դա մեր ամենամեծ հաղթանակն է, բայց պիտի ավելի լավը դառնանք, իսկ հապաղելու ժամանակ չունենք, մեզ պարզապես տրված չէ այդ շռայլությունը»,- ասում է երգչուհին, ով իր ժողովրդին մաղթում է աշխատելու, արարելու հնարավորություն և խաղաղություն։