Մշակույթ

Կարեն Զոհրաբյանը Իտալիայից վերադարձել է Ոսկե մեդալով

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Դասական մեներգիչ, միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր, բազմաթիվ «Գրան պրի»- ների և առաջին տեղերի մրցանակակիր Կարեն Զոհրաբյանը նոր է վերադարձել Իտալիայից, որտեղ տոնել է հերթական հաղթանակը։ Հայազգի տենորը մեծ ծրագրեր ու Հայաստանը արտերկրում ներկայացնելու մեծ հեռանկարներ ունի։ Նա հրավերներ է ստացել նաև Թուրքիայից ու անպայման ուզում է այնտեղ կատարի Անի և Կիլիկիա ստեղծագործությունները: Խոսելով իր ծրագրերի մասին` մեներգիչը հայտնել է, որ իր միակ հովանավորը ինքն է և մշակույթի նախարարությունը դեռևս ոչ մի աջակցություն իրեն չիի ցուցաբերել:

Միջազգային 8 մրցույթների դափնեկիր և ավելի քան 20 հեղինակավոր մրցույթների մասնակից Կարեն Զոհրաբյանը հունիսի 22-ին արժանացավ Իտալիայի «Մարուչինո» օպերային թատրոնի տասներորդ միջազգային մրցույթ փառատոնի Ոսկե մեդալի: Խոսելով իր հաղթանակի մասին` Կարեն Զոհրաբյանը այսօր խոստովանեց, որ այդ մրցույթին մասնակցելն արդեն իսկ մեծ պատիվ էր իր համար։

Բացի արտերկրից՝ Կարեն Զոհրաբյանը հաճախ ելույթ է ունենում նաև Հայաստանում: Առաջիկայում էլ հայաստանցի հանդիսատեսը նրան լսելու հնարավորություն կունենա Երևանում նոյեմբերի 10-15-ը կայանալիք «Կատարողական արվեստի աշխարհի գավաթի առաջնությանը», որին մասնացելու են 20 երկրների ներկայացուցիչներ։

Կարեն Զոհրաբյանը մեծ ծրագրեր ունի նաև արտերկրում: Հրավերները շատ են, բայց քանի որ հայազգի տենորը համերգներին մասնակցում և Հայաստանը ներկայացնում է բացառապես իր միջոցներով, և ժամանակն էլ սուղ է, հստակ չգիտի, թե երբ և որ երկիր է մեկնելու: Հարցին, թե ինչու այդ հարցերով մշակույթի նախարարությունը չի զբաղվում, երգիչը  հայտնեց, որ մեկ անգամ իրեն արդեն մերժել են և 2-րդ անգամ նա այլևս չի դիմի նախարարությանը: Նախարարության կողմից միակ բանը, որ ստացել է, եղել է շնորհակալագիրը։

Ի դեպ՝ հայազգի մեներգիչը բավականին լուրջ հրավերներ է ստացել նաև Թուրքիայից: Թերևս հենց այդ համերգենրն էլ իր համար ամենասպասվածն են: Նա կարծում է, որ Թուրքիայում մեծ գործ ունի անելու և անկախ իրենից էլ ավելի է ոգևորվում, որբ տեսնում և համերգներին հաղթում է հակառակորդներին: Հրավերները ստացել է Թուրքիայի Մարմարիս և Սիդեն քաղաքներից:

Ֆինանսական հնարավորությունների դեպքում Կարեն Զոհրաբյանը շատ կցանկանար, որ Թուրքիայում կայանալիք համերգին ելույթ ունենար նաև «Բերդ» պարային անսամբլը։

Back to top button