Հասարակություն

Երեւանի եւ Ստեփանակերտի համագործակցության համաձայնագիրը կկնքվի չորս տարով. Տարոն Մարգարյանը Արցախում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Արցախում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում քաղաքապետարանի պատասխանատուներից բացի նաև Երևանի վարչական շրջանների   ղեկավարներ և մայրաքաղաքի կրթական, մշակութային և աղոջապահական հիմնարկների տնօրեններ են: Հագեցած է նաև այցելության օրակարգը:  Հանդիպումներ են եղել Ստեփանակերտի քաղաքապետարանում, ԼՂՀ նախագահն է ընդունել  պատվիրակությանը, այցելություներ են եղել Արցախի շրջաններ և զորամասեր:

Հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների միջև համագործակցությունը տարիների պատմություն ունի, իսկ  2012 թվականին այն վավերացվել է համագործակցության հուշագրով: Այնպես որ՝ այս այցի ընթացքում արցախցի գործընկերոջ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ  Տարոն  Մարգարյանը քննարկել է  երկամյա աշխատանքների արդյունքները: Քաղաքապետները եկել են այն եզրակացության, որ  ավելի նպատակահարմար է  որ մայրաքաղաքների միջև հաջորդ համաձայնագիրը ստորագրվի ոչ թե երկու, այլ չորս տարով:

Մեկ այլ գաղափար, որ տարիների համագործակցության արդյունքում է ծնվել Երևանի և Արցախի շրջանների միջև  կապերի հաստատումն է: Մարտունի քաղաքում  Երևանի  Արաբկիրի թաղապետարանն արդեն ներդրումներ ունի։

Ստեփանակերտում Երևանի քաղաքապետարանի պատվիրակության այցելության օրերին նաև մի շարք միջոցառումներ են տեղի ունեցել:  Ստեփանակերտի տարբեր վայրերում տեղադրվել են  Թերլեմեզյանի անվան  գեղարվեստական քոլեջի ուսանողների քանդակները; Այցելություններ են եղել ոչ միայն Մարտունի, այլև Շուշի և Քարին Տակ գյուղ, տեսարժան վայրեր՝ Գանձասար, Ամարաս և Նիկոլ Դումանի տուն –թանգարան՝ Ծաղկաշատ գյուղում, ինչպես նաև զորամասեր և մարտական դիրքեր:

Այս օրերին Արցախ են հասել նաև Երևան-Ստեփանակերտ մարզա-առողջարարական  արշավի մոտ 150 մասնակիցները, ովքեր հանգրվանել են Այգեստանի ճամբարում։

Back to top button