Հասարակություն

Այս գիշեր «Գերլուսինը» կտեսնենք նաեւ Հայաստանում

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Այս գիշեր աշխարհի տարբեր ծայրերում տիեզերական յուրահատուկ երեւույթի են սպասում: Հայաստանում հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը ժամը 3։25-ի սահմաններում տեսանելի է լինելու, թե ինչպես է Լուսինը սովորականից ավելի շատ մոտենում մեր մոլորակին: Երկրի բնական արբանյակն այս գիշեր մոտավորապես 20 տոկոսով սովորականից մեծ է երեւալու:

Մի շարք գիտնականներ երեւույթին առանձնահատուկ կարեւորություն են վերագրում, պնդում, թե դա բնական աղետների սպառնալիք է իր հետ բերում։ Կասկածամիտները հակված են այդ երեւույթի ներքո նաև աշխարհի վերջի սկիզբը փնտրել: Շատ աստղաֆիզիկոսներ նոր հետազոտություններ են ծրագրում, լուսանկարիչներն էլ պատրաստվում են ամեն պահի որսալ «Գերլուսինի» սպասվելիք արտասովոր կադրերը:

Աստղագետներն ավելի հանգիստ են նայում երեւույթին: Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը պարզապես խորհուրդ է տալիս որեւէ սենսացիա չփնտրել։ «Ոչ մի սուպեր բան չկա, սրանք այն բնական փոփոխություններն են, որոնք Լուսնի եւ Երկիր մոլորակի պատմության միլիարդավոր տարիների ընթացքում շարունակաբար կրկնվել են ու կրկնվելու են էլի միլիարդավոր տարիներ»։

Բյուրականի աստղադիտարանի տնօրենը բացատրում է` Երկրի շուրջ չորսշաբաթյա պտույտի ընթացքում Լուսինն ամեն գիշեր մեր մոլորակից տարբեր հեռավորության վրա լինում` 360 հազարից մինչեւ 400 հազար կիլոմետր: Այսօր դրա հեռավորությունը լինելու է մոտավորապես 356.8 հազար կիլոմետր: Յուրահատուկն այն է, որ սա լինելու է հենց լիալուսնի ժամանակ, ու տեսարանն ավելի է հետաքրքրանալու:

Միակ փոփոխությունը, որին կարող է հանգեցնել այս երեւույթը Երկրի մակերեւույթի վրա, ըստ Հայկ Հարությունյանի, այն է, որ մակընթացություններն ավելի բարձր են լինելու: Երբ Լուսինն իր ամենահեռավոր կետում է լինում, մակընթացություններն, ընդհակառակը, ամենացածրն են լինում: Այս շրջանում Արեգակի ու Լուսնի մակընթացային ազդեցություններն էլ են միատեսակ լինում: Սակայն, մասնագետի վստահեցմամբ՝ «դրանք բոլորը որեւէ լուրջ փոփոխություններ ակնկալելու հիմք չեն տալիս»։

Այս տարի «Գերլուսնին» կարելի է ականատես լինել նաև օգոստոսի 10-ին եւ սեպտեմբերի 9-ին: Ընդ որում` օգոստոսին Լուսինն իր ամենամերձակա կետում է լինելու Երկրից: Թեեւ դա ընդամենը վայրկաններ է տեւելու, սակայն երեւալու է աշխարհի բոլոր կողմերում, իհարկե, տարբեր ժամերի, ուստի հարկ է պարզապես զմայլվել գեղեցիկ այդ երեւույթով։

Back to top button