Մշակույթ

11-րդ «Ոսկե ծիրանը» Երևան կբերի հեղինակավոր կինոգործիչների ու արվեստասերների

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի տարվա ամենասիրված ու սպասպած կինոիրադարձությունը: 11-րդ «Ոսկե ծիրանն» այս տարի ևս Երևան կբերի հեղինակավոր բազմաթիվ կինոգործիչների ու արվեստասերների աշխարհի ամենատարբեր երկրներից: Նրանց պատշաճ ընդունելու և հայկական կինոփառատոնը բարձր մակարդակով անցկացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը կիրականացնի մի շարք միջոցառումներ: Դրանց մասին այսօր տեղեկացրել են Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն ու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառոտնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը:

«Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառոտնի օրակարգը կմեկնարկի հուլիսի 13-ին ավանդական ծիրանօրհնեքի արարողությամբ, որն այս տարի կկայանա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի փառատոնի բացման ֆիլմը ՝ Սկորսեզեի հիմնադրամի կողմից վերականգնված Փարաջանովի «Նռան գույնը»: Ֆիլմի ցուցադրությանը կհաջորդի փառատոնի բացման պաշտոնական արարողությունը Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Բացման արարողությունն իր ելույթով կպատվի աշխահահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը: Փառատնոի օրերին, ինչպես միշտ, Երևանը կհյուրընկալի հեղինակավոր բազմաթիվ կինոգործիչների ու արվեստասերների աշխարհի ամենատարբեր երկրներից: Փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն ասում է, որ Երևանի քաղքապետարանն անում է ամեն ինչ նրանց պատշաճ կերպով ընդունելու և ճանապարհելու համար:

Հուլիսի 14-ից Կարապի լճի հարևանությամբ տեղակայված էկրանին ամեն օր ժամը 21-ին տեղի կունենա ֆիլմերի ցուցադրություն նրանց համար, ովքեր չեն կարողանա այցելել կինոթատրոններ: Հաջորդ տարվանից նման էկրաններ կտեղադրվեն քաղաքի մի քանի հատվածներում: Փառատոնի այս տարվա նորույթներից է նաև «Ծիրանի ծառ» խորագիրը կրող նախաձեռնությունը, որի օրակարգը կներառի Փարաջանովին նվիրված կլոր-սեղան քննարկումներ, գիտական զեկույցներ, արվեստագետին նվիրված ֆիլմերի ցուցադրություններ: Նշված միջոցառումները կանցկացվեն Երևանի Այգեձոր 53 հասցեում: Փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի խոսքով «Ոսկե ծիրանն» այս տարի առանձնանում է նրանով, որ ավելի մեծ ուշադրութուն է դարձվել ասիական կինոյին: Հետահայաց ցուցադրությունների ծրագրերով Երևան կժամանեն աշխարհահռչակ այնպիսի անուններ, ինչպիսիք են Կիմ Կի Դուկը, Ցզյա Չժանկեն, Օթար Իոսելիանին, Ամոս Գիտայը: Հարություն Խաչատրյանը վստահեցնում է ՝ «Ոսկե ծիրանի» շնորհիվ մեր երկիրն ու մասնավորապես մայրաքաղաքը շահում է մի քանի տեսանկյունից:

«Ոսկե ծիրանի օրերին տուրիզմը ակտիվանում է: Մեր քաղաքում ավելանում են կինոթատորնների թիվը»:

Հավելենք, որ փառոտնը կամփոփվի հուլիսի 19-ին ֆրանսիացի աշխահահռչակ ռեժիսոր Ժան Լյուք Գոդարի Կաննի միցանակակիր «Հրաժեշտ լեզվին» ֆիլմի ցուցադրությամբ: Փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը տեղի կունենան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Երեկոն իր կատարմամբ կգեղեցկացնի ջազ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը: Բեմում նրա հետ հանդես կգա անվանի ջազ երաժիշտ Վահագն Հայրապետյանը:

Back to top button