ԿարևորՀասարակություն

Ստորագրվեց հայ- ռուսական համաձայնագիր. քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու պարտականությունից

ՀՀ վարչապետի ՌԴ աշխատանքային այցի շրջանակներում Հովիկ Աբրահամյանն ու Դմիտրի Մադվեդեւն այսօրվա հանդիպման ընթացքում բարձր են գնահատել հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը և ընդգծել դրանց հետագա զարգացման ու ընդլայնման կարևորությունը երկու երկրների համար։

Երկու երկրների վարչապետերը քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերություններին առչվող օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցությանը` ներառյալ էներգետիկ, արդյունաբերական և ենթակառուցվածքների բնագավառների համատեղ ծրագրերը։ Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ դրանք էապես կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանն ու առաջընթացին, հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Միաժամանակ՝ Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրաշրջանառության աճող ծավալի մակարդակից և վստահություն հայտնել, որ այն կշարունակի նոր թափ ստանալ Հայաստանի՝  Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո։

Կողմերը վստահություն են հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի ստորագրումը տեղի կունենա առաջիկայում։

Այնուհետև Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին, դրա անվտանգության մակարդակի բարձրացմանը, Հայաստանում «Ռոսնեֆտ» ընկերության ներդրումային ծրագրերին, միջտարածաշրջանային համագործակցությանը, միգրացիոն, առողջապահական, հումանիտար և մի շարք այլ բնագավառներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Առանձնազրույցից հետո Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ երկու երկրների պատվիրակությունները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկել են նաև աշխատանքային ճաշի ընթացքում։

Աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրվել է ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիրը:

Համաձայնագրով նախատեսվում է, որ մի կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից:

Համաձայնագիրը նպաստավոր պայմաններ կստեղծի Հայաստանից ՌԴ մեկնող քաղաքացիների, այդ թվում աշխատանքային միգրանտների համար:

ՌԴ կատարած աշխատանքային այցի ավարտին վարչապետ Աբրահամյանը ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի ուղեկցությամբ այցելել է Սոչիի օլիմպիական ավան՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին:

Վարչապետի աշխատանքային այցը ՌԴ ավարտվել է և Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան:

Back to top button