Հասարակություն

Ոչ պարենային ապրանքների շուկայում շարունակվում են ոտնահարվել սպառողների իրավունքները

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի համաձայն սպառողներն իրավունք ունեն 14 օրվա ընթացքում խանութ գնալ, փոխանակել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը ն մանօրինակ ապրանքով, իսկ եթե բացակայում է նույնանման ապրանքը, ապա այն ենթակա է վերադարձի: Բայց արդյոք այս օրենքը գործում է և արդյոք պաշտպանվում են սպառողի իրավունքները: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր ներկայացնելով կազմակերպության ուսումնասիրությունները հայտնել է, որ սպառողների իրավունքները հիմնականում ոտնահարվում են կոշիկ, հեռախոս և շինանյութ գնելիս:

«Գնված ապրանքը ետ չի ընդունվում և չի փոխանակվում»: Երևանյան խանութներում նման ցուցանակների թիվը նվազել է, փոխարենը շատ խանութներում տեղադրվել են ցուցանակներ, որոնք սպառողներին իրազեկում են իրենց իսկ իրավունքների մասին: Մի կողմից այս հանգամանքը «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանին ուրախացնում է, մյուս կողմից անհանգստացնում, քանի որ ահազանգերի քանակը հակառակի մասին են վկայում: Պարզվում է, այդ ցուցանակների մեծ մասը ձևական բնույթ են կրում և իրականում սպառողի շահերը տվյալ խանութներում չեն պաշտպանվում:

«Դրել են վահանակ, որտեղ առկա է տեղեկատվություն, թե սպառողը որ դեպքում, քանի օրվա ընթացքում իրավունք ունի ապրանքը վերադարձնելու: Ուրախացած գալիս ենք գրասենյակ, իմանում ենք, որ նույն այդ խանութում, որտեղ օրենքի պահանջն իբրև թե պահում է տնտեսվարողը, նույն այդ խանութում մեկ օրվա ընթացքում քաղաքացին 3 անգամ փորձում է ապրանքը հետ վերատարձնել, չեն ընդունում»:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ մարտ, ապրիլ, մայիս ամիսներին ուսումնասիրություն է կատարել և պարզել, թե հիմնականում որ խանութներում են ոտնահարվում սպառողների իրավուքները:

Կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչ պարենային ապրանքների շուկայում, սպառողներն ամենաշատ խնդիրը կոշկեղենի, հեռախոսների, շինարարական նյութերի, ջեռուցման կաթսաների հետ են ունենում, որոնց վերադարձի կամ փոխանակման հարցը լուրջ խնդիր է առաջացնում անգամ հկ-ների համար: Հատկապես լուրջ խնդիր են առաջացնում ներկրվող կոշիկները, քանի որ ըստ Բաբկեն Պիպոյանի արտերկրից հիմնականում գործարանային դեֆեկտով կոշիկներն են գալիս Հայաստան, որոնք էժան են, բայց անորակ:

«Մանկական կոշիկ էր, ամբողջությամբ արտաքին մասը վնասված: Քաղաքացին ասում է ընդամենը մեկ օր են օգտագործել տվյալ ապրանքը և պլոկվել է: Տնտեսվարողն ասում է, որ կոշիկն իսպանական է և ներկայացնում է բոլոր փաստաթղթերը: Տնտեսվարողը պատրաստակամություն է հայտնում ուղարկելու ապրանքը փորձաքննության իր հաշվին, բայց զգուշացնում, որ եթե փորձաքննությամբ պարզվեց ապրանքը, որակով է եղել, սպառողը պարտավոր է վճարել ամբողջ գումարը: Ունենք այլ դեպք` քաղաքացին ձեռք է բերել լվացքի մեքենա մեկ տարի առաջ, վճարել 156 հազար դրամ և մեկ տարվա ընթացքում անընդհատ վերանորոգել էին այդ մեքենան և հասել է երաշխիքային կտրոնի սպառման ժամկետը: Ստացվում է, որ վաճառել են ոչ պատշաճ որակի ապրանք, որի համար քաղաքացին վճարել է և երաշխիքի ժամկետն էլ ավարտվում է: 1 տարի անց լվացքի մեքենան վերադարձվել է տնտեսվարողին, իսկ սպառողին վերադարձվել է իր 156 000-ը»:

Այսպիսով` գնված ապրանքը փոխանակել կամ վերադարձնել ցանկացող քաղաքացիներին Պիպոյանը հիշեցնում է. անհրաժեշտ է պահել գնումը հաստատող կտրոնը և շատ կարևոր է, որ սպառողը լինի տեղեկացված ու պահանջատեր: Ի դեպ` օն-լայն առևտուրը միակ ոլորտն է, որտեղ սպառողների իրավունքները չեն պաշտպանվում, զգուշացրեց սպառողների իրավապաշտպանը, հավելելով, որ Էլեկտրոնային գնումներ կատարելիս սպառողի միակ պաշտպանը ինքը սպառողն է:

Back to top button