ԿարևորՀասարակություն

Հանցագործությունների թիվն 1- ին կիսամյակում աճել է 4,1 տոկոսով

Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն այս տարվա առաջին կիսամյակում  աճել է 4,1%-ով, ինչը, ոստիկանությունը հիմնականում պայմանավորում է հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճի բացառումով։

Դրա հետ մեկտեղ, այսօր կայացած ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում նշվել է, որ նվազել են սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, ավազակության, տրանսպորտային միջոց փախցնելու, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը:

Զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության հայտնաբերման դեպքերն աճել են 15,4%-ով:  Որպես դրական միտում նշվեզ է, որ հաշվետու ժամանակահատվածում 31,7%-ով նվազել է խմբերի կողմից կատարված հանցագործությունների թիվը (293-200), 15,1%-ով՝ անչափահասների կողմից, և 51,3%-ով` նրանց մասնակցությամբ խմբերում կատարված հանցագործությունների թիվը:

2013 թ. առաջին կիսամյակի համեմատությամբ, բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության, պետական և անձնական գույքի գողության, յուրացման կամ վատնման, կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու դեպքերով:

2014 թ. առաջին կիսամյակի ընթացքում հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 256 հանցագործության դեպք, ընդ որում նշված հանցագործությունների 50,0%-ն ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից:

Հանրապետությունում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 9 դեպք, որից 7-ը` կանանց պոռնկության շահագործման, 1-ը` անչափահասին մուրացկանության մեջ ներգրավելու և 1-ը` աշխատանքային թրաֆիքինգի:

2014 թ. հունիսի 30-ի դրությամբ հանրապետության տարածքում շահագործվել է 153 լուսանկարահանող արագաչափ սարք, որից 74-ը` Երևան քաղաքում: Տեսանկարահանող սարքերով վերահսկվել է Երևան քաղաքի թվով 80 խաչմերուկի երթևեկությունը: Հանրապետության տարածքում արձանագրվել է 1370 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհերի թիվը նվազել է 10-ով:

Բնակչության շրջանում ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման առումով ՀՀ ոստիկանությունը խիստ կարևորում է նաև յուրաքանչյուր ծառայողի կողմից օրինականության պահպանման խնդիրը: Ընդհանուր առմամբ, կարգապահական տույժի է ենթարկվել 367 ծառայող: ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել է 22 քրեական գործ, 1 անձ դատապարտվել է:

Back to top button