Հասարակություն

Հայաստանի երիտասարդության 83,5 տոկոսը հնարավորության դեպքում կմեկներ արտերկիր ժամանակավոր բնակության

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հուլիսի 11-ին նշվում է Բնակչության համաշխարհային օրը: Այս տարի այն անցնում է «Ներդրումներ հանուն երիտասարդության» կարգախոսով: Այսօր մեր մոլորակի բնակչությունը կազմում է 7 մլդ 250 մլն մարդ, որից 1 մլրդ 800 մլն 10-24 տարեկան է: Մեր երկրում 500 հազար մարդ՝ բնակչության 16,5 տոկոսը, 14-24 տարեկան է։

ՄԱԿ- ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը կարևորեց երիտասարդների մասնակցությունը սոցիալական և տնտեսական իրականության ձևավորման գործընթացին, միևնույն ժամանակ՝ մտահոգության հայտնելով առկա դժվարությունների կապակցությամբ։ «Եթե երկրում աղքատության միջին ցուցանիշը կազմում է 32,4 տոկոս, ապա երիտասարդության շրջանում այն կազմում է 34 տոկոս»։

Մտահոգիչ է և գործազրլության բարձր մակարդակը՝ հայաստանցի երիտասարդների 40 տոկոսը չունի աշխատանք: Սոցիալական վիճակի վատթարացմանը նպաստել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը։ Վերջին տարիներին մեր երկրում բարձրացել է ամուսնության տարիքը՝ 24-ից 2001 թվականին մինչև 26 տարեկան այսօր։ Ցավոք՝ ավելացել է չամուսնացած երիտասարդների բանակը՝ 27-29 տարեկանների ավելի քան մեկ երրորդը, 30 տարեկանների շրջանում՝ յուրաքանչյուր չորրորդը։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Հայաստանի երիտասարդության 83,5 տոկոսը հնարավորության դեպքում կմեկներ արտերկիր ժամանակավոր բնակության, իսկ 36,8 տոկոսը՝ մշտական: Ընդհանուր առմամբ՝ վերջին տարիներին արտագաղթողների ցուցանիշը պահպանվում է՝ մինչև 40 հազար մարդ ամեն տարի հեռանում է երկրից։

Հայաստանցիների միջին տարիքը այսօր կազմում է 34 տարեկան: Ծնելիության մակարդակը՝ 1,5 երեխա ՝ 1 կնոջ հաշվով: Այսինքն՝ 2 կնոջ հաշվով մեր երկրում ծնվում է 3 երեխա։

Ինչպես պարզվեց՝ կանայք 5 տարի ավելի երկար են ապրում, քան՝ տղամարդիկ՝ կյանքի միջին տևողությունը համապատասխանաբար կազմում է 77 և 72 տարի։

Back to top button