ԿարևորՎերլուծական

Էրդողանին Հայաստան հրավիրելով՝ Սարգսյանը գնդակը կրկին փոխանցեց թուրքական դաշտ

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Թուրքիայում օգոստոսի 10-ին կայանալիք ընտրություններում հաղթանակի հիմնական հավակնորդը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ և երկրի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը նախընտրական ծրագրում որևէ կերպ հայ-թուրքական հարաբերություններիn չի անդրադարձել: Փոխարենը՝ Ցեղասպանության թեմային գործող վարչապետն անդրադարձել էր ապրիլի 23-ի ուղերձում՝ վշտակցելով համայն հայությանը 1915-ի ողբերգական իրադարձությունների առիթով։

Նախագահի թեկնածուներից երկրորդի՝ ընդդիմության ներկայացուցիչ Էքմելեդին Իհսանօղլուի ծրագրում նույնպես հայկական հարցը չի շոշափվում, բայց հրապարակային ելույթների ժամանակ թեմային անդրադառնում է: Թուրքագետ Հակոբ Չաքրյանին զարմացրել է երեկ մամուլի ասուլիսի ժամանակ ընդդիմադիր թեկնածուի հնչեցրած այն միտքը, թե միայն վշտակցությունը բավարար չէ։ «Առանց ցեղասպանություն բառը արտասանելու, բայց ցեղասպանությունը նկատի ունենալով՝ թեկնածուն երեկ նշել է, որ անհրաժեշտ է նոր և ընդառաջ քայլերի դիմել: Թե ինչ է ենթադրում դա, թեկնածուն չի մանրամասնել։ Համենայն դեպս՝ Թուրքիայի նման պետության համար առաջընթաց քայլ է, երբ թեկնածուներն են սկսում այդ թեմայի մասին խոսել: Էրդողանի ուղերձն էլ, բովանդակությամբ որքան էլ մեզ չբավարարի, 90-ամյա պատմության կտրվածքով աննախադեպ էր»,- ասում է Չաքրյանը։

Եվ վերջապես՝ երրորդ թեկնածուն՝ քուրդ քաղաքական գործիչ Սելյահատին Դեմիրթաշը, նախընտրական ծրագրում հայկական հարցին չի անդրադարձել, բայց միակն է, որ հրապարակային խոսքում՝ ելույթների ժամանակ, օգտագործում է Ցեղասպանություն եզրույթը՝ առանց փոխարինող բառակապակցությունների։

Գրանցված թեկնածուներն այս երերքն են։ Վերլուծաբանների մեծ մասի կարծիքով, նաև հարցումների վերջին արդյունքներով ՝ հաղթանակի ամենամեծ շանսերն այս պահին ունի Թուրքիայի գործող վարչապետը։ «Էրդողանի ձայները, վերջին հացախույզի արդյունքներով, 60-63 տոկոսի է հասնում: Ընտրվելու համար անհրաժեշտ է ընտրողների ձայների 51 տոկոսը: Էքմելեդին Իհսանօղլուի ձայները 30-35 միջակայում են, Դեմիրթաշինը՝ 7-10: Այսինքն՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ընտրությունների առաջին փուլում, որը նշանակված է օգոստոսի 10-ին, Էրդողանը կընտրվիե»։

Թե ինչ կերպ կանդրադառնա Էրդողանի հավանական հաղթանակը հայ-թուրքական հարաբերությունների վրա, Հակոբ Չաքրյանը դժվարանում է կանխատեսել, բայց ուշադրություն է հրավիրում լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվության վրա, որ սեպտեմբերին Թուրքիան պատրաստվում է բացել հայ-թուրքական սահմանը: Վերլուծաբանը հիշեցնում է, որ 91-ից հետո սսահմանի բացման մասին բազմաթիվ հայտարարություններ են եղել։ «Խնդիրը ոչ թե սահմանի բացումն է, այլ միջպետական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Եթե այդ հարաբերությունները հաստատվեն, սահմանն ինքըստինքյան կբացվի։ Առանց այդ հարաբերությունների՝ բացված սահմանը ցանկացած պատրվակով կարելի է փակել»։

Ընդհանուր առմամբ՝ վերլուծաբանը կարծում է, որ 91-ից հետո Թուրքիայի հայկական քաղաքականությունը չի փոխվել. փոխվել են նախագահներն ու կառավարությունները, բայց նախապայմաններն ու քաղաքականության բովանդակությունը մնացել է նույնը։

Ի դեպ՝ 2015-ի ապրիլի 24 ին Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելը Չաքրյանը Սերժ Սարգսյանի կողմից արված տակտիկական քայլ է համարում: Իր ուղերձից հետո Էրդողանը նկատել էր, որ գնդակն այժմ Հայաստանի դաշտում է: Թուրքագետի կարծիքով՝ Էրդողանին Հայաստան այցելելու հրավեր հղելով՝ Սերժ Սարգսյանը գնդակը նորից Թուրքիայի խաղադաշտ տեղափոխեց:

Back to top button