Հասարակություն

«Դեպի Հայք» հիմնադրամի երիտասարդ անդամներին հյուրընկալեցին ՊՆ- ում

Հուլիսի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ: Հանդիպման առանցքը, բնականաբար, եղել են ազգային բանակն ու զինված ուժերի ձեռքբերումները:

Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը։ Շեշտելով աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության անհրաժեշտությունը` նա ընդգծել է, որ պաշտպանության նախարարությունը կարևորում է Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայ երիտասարդների մասնակցությունը հայրենիքի բարգավաճման և հզորացման գործին:

Ողջունելով ԱՄՆ-ից, Գերմանիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Կանադայից և մի շարք այլ երկրներից Հայաստան ժամանած հյուրերին և կարևորելով նմանաբնույթ միջոցառումների անցկացումը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում վստահություն է հայտնել, որ Հայաստան այցելող պատանիները միշտ էլ ցանկալի հյուր են պաշտպանության նախարարությունում, և ուրախալի է այն հանգամանքը, որ բազմաթիվ հայ երիտասարդներ, ապրելով տարբեր երկրներում, այնուամենայնիվ, իրենց գաղափարական ուղղվածությունը, դաստիարակությունը և հիմնական ճանապարհներն ուղղում են դեպի մայր հայրենիք` Հայաստան, ու մշտապես ձգտում են իրենց ներդրումն ունենալ մեր պետության զարգացման գործում:

Սեյրան Օհանյանը հակիրճ ներկայացրեց զինված ուժերի զարգացման փուլերը, հիմնական խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև Հայաստանի և այլ երկրների միջև առկա ռազմական համագործակցության առանցքային ուղղությունները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց այն իրողությունը, որ հայկական բանակն օրեցօր կատարելագործվում է և պատրաստ է արժանի հակահարված տալ ցանկացած ոտնձգության։

Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև սփյուռաքահայ երիտասարդների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից մշտապես հնչող ռազմատենչ հայտարարություններին և ՀՀ զինված ուժերի պատրաստությանը:

Հանդիպման ավարտին «Դեպի Հայք» հիմնադրամի անդամները, ջերմագին ընդունելության համար շնորհակալ լինելով պաշտպանության նախարարին, հույս հայտնեցին, որ նմանօրինակ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն:

 

Back to top button