Հասարակություն

Գյուղերի միջեւ ճանապարհները գրունտային կլինեն, բնակավայրերում՝ ասֆալտապատ

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Տավուշ- Երեւան

Տավուշի մարզի Նորաշենից դեպի Մովսես գյուղ տանող ճանապարհահատվածը վերակառուցվել էր 2009 թ- ին, սակայն այսօր այդ վերակառուցումից  հետք անգամ չկա: Ի սկզբանե  ճանապարհը եղել է գրունտային, բայց այժմ այդ գրունտային ճանապարհն էլ քանդված ու գյուղ մտնող միակ ուղին դարձել  է դժվարանցանելի: «Ռադիոլուրի» հետ զրուցում տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշել է, որ այս տարի  հեռավոր գյուղերում կառուցվելու են ավազակոպճային ճանապարհներ, իսկ արդեն գյուղերի  ներսում  ճանապարհները ասֆալտապատվելու են:  

Տավուշի մարզի Նորաշեն գյուղից դեպի սահմանամերձ Մովսես  տանող ճանապարհահատվածը, մեղմ ասած, կարելի  է ճանապարհ համարել: Այն գրունտային,  ոչ բարեկարգ ուղի է։ Դեպի գյուղ տանող այդ հատվածը, որն ընդամենը մի քանի կմ է, մեքենանները տեղ են հասնում մոտ 40 րոպեում։ Ու մինչեւ հասնում են  գյուղ, գրեթե միշտ  մեքենաները վերանորոգելու կարիք են ունենում։ Գյուղի բնակիչ  Մանուշ Պետրոսյանն ասում է, որ ճանապարհի նման վիճակի պատճառով մարդ չի էլ ուզում տանից դուրս գալ ու մի տեղ գնալ:

Ի դեպ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ տրանասպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքվեցինք՝ արդյո՞ք  կառավարության այս տարվա  ծրագրերի մեջ կա Նորաշեն-Մովսես ճանապարհահատվածի  վերանորգման հարցը։

«Մենք փորձում ենք այս հեռավոր շրջաններում ավազակոպճային ճանապարհ կառուցել, քանի որ գյուղից գյուղ, երբ տեխնիկա են տեղափոխում, ճանապարհը վնասվում  է ու, երբ մենք ասֆալտապատ, թանկ  ճանապարհ ենք ունենում, դա երեք- չորս ամիս է դիմանում: Հետևաբար որոշել  ենք, որ գյուղերից  դուրս  ավազակոպճային ճանապարհ լինի, իսկ ներսում՝ ասֆալտապատ: Այս ճանապարհը կառուցվել է 2009 թ ՀԲ –ի միջոցներով, բայց դուք տեսաք, որ այն իրեն չի արդարացնում»,- ասել է Գագիկ Բեգլարյանը։

Back to top button