ԿարևորՔաղաքական

Անրի Ռենո. «ԼՂՀ հակամարտության կարգավորմանն ուղղված կարեւորագույն փաստաթուղթը Մադրիդյան սկզբունքներն են»

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ֆրանսիայի ազգային` Բաստիլի գրավման տոնի նախօրեին Մամուլի ազգային ակումբի հետ համատեղ նախաձեռնությամբ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն հանդիպել է լրագրողների հետ: Խոսելով Բաստիլի գրավման իրական դերի, նշանակության եւ որպես խորհրդանիշ դարձած այդ իրադարձության մասին` դեսպանը նշել է, որ այն կարեւոր էր ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ` մյուս պետությունների համար: Սակայն դեսպանին ուղղված հայ լրագրողների հարցերն առավելապես վերաբերում էին ԼՂ հակամարտության կարգավորմանը` հաշվի առնելով, որ դիվանագետը ներկայացնում է ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող երկիրը: Իսկ հայ-ֆրանսիական հարաբերությունների մասով դեսպանն ասել է, որ թե Ֆրանսիայի, թե ԵՄ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ պահպանվում է:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ Լիազոր դեսպան Անրի Ռենոյից լրագրողներն այսօր չկարողացան հստակ պատասխան ստանալ, թե ինչպես է վերաբերում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ երկիր Ֆրանսիան մեկ այլ համանախագահ երկրի ներկայացուցիչ` ամերիկացի միջնորդ Ջեյմս Ուորլիքի կողմից շրջանառության մեջ դրված առաջարկին: Հիշեցնենք` նա ներկայացրել է խաղաղության վեց կետերով առաջարկ, որոնցից մեկով նախատեսում է ԼՂ-ի հարակից 7 շրջանների վերադարձը Ադրբեջանին:

«Որպես կանոն բանակցային գործընթացը եթե միտում ունի կամ ցանկանում է արգասաբեր ու բեղմնավոր լիենլ, անպայման պետք է ուղեկցվի ինչ որ մի տեղ փակ գաղտնիության, չհրապարակման պայմաններով: Ահավասիք, թե ինչու ես որպես Ֆրանսիայի դեսպան այս պահին ձեռնպահ եմ մնում որեւէ մեկնաբանում տալու այդ հարցին»:

Լրագրողների ճշտող եւ համառ հարցերին այս թեմայով դեսպանն ի վերջո հաստակեցրեց. «դիվանագիտության կանոնները տարբերվում են լրագրողական կանոններից»: Այսիսով` անպատասխան թողնելով հարցը, թե ինչու միջնորդների կոչերը հասցեական չեն, հատկապես վերջին շրջանում, երբ գրեթե ամեն օր Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը ու դիմում է սադրիչ գործողությունների: Չնայած դեսպանը նշում է, որ հակամարտության կարգավորմանը առնչվող հարցերի հասցեատերը ոչ թե ինքն է, այլ` ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահը, բայց հավելում է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված կարեւորագույն փաստաթուղթը Մադրիդյան սկզբունքներն են եւ այդ կետերի պահպանումը»: Իսկ դրանցից մեկը հետեւյալն է. ձեռնպահ մնալ ուժի կիրառումից եւ ուժի սպառնալիքից: Հենց այս կետից ելնելով էլ սկզբունքորեն անընդունելի է համարում լուրերն ու տեսակետը, թե Ֆրանսիան երբեւէ կարող է սպառազինություն վաճառել հակամարտող կողմերին:

«Այդպիսի բան լինել չի կարող: Կարծում եմ, սա ինքնին արդեն պարզ իրողություն է ու չի կարող հակառակը լինել, որ Ֆրանսիան որպես հակամարտող երկրների առաքելություն ստանձնած երկիր հանկարծ հակառակվեր կամ չհարգեր, չպահպաներ այն բոլոր դրույթները, որոնք սահմանված են ՄԱԿ-ի եւ նույն ԵԱՀԿ-ի կողմից: Իսկ դրույթները հետեւյալն են. ձեռնպահ մնալ, կտրականապես մերժել այն գաղափարը` զենք կամ սպառազինություն վաճառելու այնպիսի երկրների, որոնք գտնվում են հակամարտության մեջ»:

Չնայած ասածին Անրի Ռենոն ձեռնպահ մնաց մեկնաբանել, թե ինչպես է ազդում հակամարտության վրա մեկ այլ միջնորդ-երկրի` Ռուսաստանի կողմից սպառազինության վաճառքը Ադրբեջանին: Ասաց` «որպես Ֆրանսիայի դեսպան իրավասու չէ մեկնաբանել հայ-ռուսական հարաբերությունները»: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին Փարիզում հյուրընկալելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկին, ապա Ֆրանսիան դեռ ակնկալում է, որ այն դեռ շարունակություն կունենա, չնայած Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությանը, թե Ադրբեջանը ավելի կոնկրետ առաջարկներ է սպասում Ֆրանսիայից: Իսկ Ֆրանսիայի կոնկրետ առաջարկը հետեւյալն է. հարկ կա արագացնելու բանակցային գործնթացը, որի վերջնանպատակը պետք է լինի կայուն եւ հուսալի խաղաղության հաստատումը:

 

Back to top button