Հասարակություն

Պատրաստ եղեք գների շարունակական բարձրացմանը եւ որոշ դեպքերում գների ձեւական սառեցմանը.տնտեսագետ

Լենա Բադեյան
«Ռադիլուր»

«Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը ցանկանում է փոխել սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագները: Այդ հայտը, սակայն, երեկ մերժեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` անփոփոխ թողնելով գործող սակագները: Առաջին հայացքից դրական այս տեղեկության մեջ վերլուծելու շատ բան են Կառավարման մասնագետ, տնտեսագետ Հարություն Մեսոբյանը եւ «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:

Ջրի սակագինն անփոփոխ թողնելով համապատասխան հանձնաժողովը պատրանք է ստեղծում, թե անկախ որոշումներ է կայացնում, կարծում է կառավարման մասնագետ, տնտեսագետ Հարություն Մեսոբյանը:

«Մի քանի կոպեկի դիմաց ցույց են տալիս, որ այս հանձնաժողովը նաեւ անկախ է, հետեւապես` էլեկտրաէներգիայի նախորդ որոշումը, որ բարձրացրել էին, դա նույնպես իրենց անկախ գործունեությունն է, ուղղակի` հիմնված լուրջ տնտեսական հաշվարկների վրա»:

Իրականում, սակայն, ոչ տնտեսագետ Հարություն Մեսոբյանը, ոչ էլ սպառողների շահերի պաշտպան Արմեն Պողոսյանը տնտեսական կուրս, հաշվարկ կամ լուրջ ծրագիր չեն տեսնում: Ասում են ամեն ինչ հիմնված է ընթացքիկ քայլերի վրա: Որպես օրինակ բերում են Սեւանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելու աղմկահարույց ծրագիրը: Այն հիմնավորվում էր իբրեւ թե սակավաջուր տարածքներում ոռոգման խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ, այնինչ` այսօր պարզ է, որ օրինակ ոռոգման խնդիրներ ունեցող Արարատյան դաշտավայր Սեւանի ջուրը միեւնույնն է չի հասնում:

«Նման ձեւով չեն կառավարում: Շախմատում «ֆերզը» «զինվորի» դիմաց «ժերտվա» չեն տալիս: Միայն հազվադեպ դեպքերում, եթե գնում է բարդ խաղ դեպի հաղթանակ: Հակառակ դեպքում ուղղակի կասեն` այդ մարդը շախմատ խաղալ չգիտի: Տ նտեսական կուրս ես տեսնում եմ` ամեն գնով լցնել գրպանները, պոկել փող, վճարումներ, քանի պոկվում է: Սա բավականին սպառողական մոտեցում է: եթե դրան գումարենք, որ մեզ մոտ օլիգարխիկ տնտեսություն է, ապա այդ գումարներն ամեն դեպքում գնում են օլիգարխի գրպանը»:

Այս պայմաններում անգամ սոցիալական իմաստով լայնածավալ ընդվզում չի ակնկալում տնտեսագետը, ասում է. «հայերը, որպես կանոն, սոցիալական հարցերի ու մարդու իրավունքների համար ոտքի չեն կանգնում»:

«Հայերը ոտքի են կանգնում հիմնականում միայն այն ժամանակ, երբ կամ վտանգված է նրա լինել-չլինելու հարցը, կամ էլ բարձրացված է պատմականորեն ձեւավորված ազգային խնդիր»:

Սա գիտակցում է նաեւ իշխանությունը` համոզված լինելով, որ Արցախի խնդրի պատճառով այսօր ոչ մեկը լայնածավալ բողոքի դուրս չի գա եւ վտանգի տակ չի դնի այդ հարցը:

«Այսպիսով` փաստենք հետեւյալը. Նրանք, ովքեր ագահ են եւ ուզում են շարունակել հարստանալ շատ լավ գիտեն այն, ինչի մասին ես ասում եմ: Հետեւապես պատրաստ եղեք գների շարունակական բարձրացմանը եւ որոշ դեպքերում գների ձեւական սառեցմանը, ինչպես եղավ երեկ»:

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանի համար անհասկանալի է, թե ինչու տարբեր սոցիալական խնդիրների համար պայքարող խմբերը այդպես էլ չեն համախմբվում, ուժերը չի միացնում` արդյունքի հասնելու համար: Զարմանում է, թե ինչու է մի խումբը միշտ կասկածում մյուսին, թե ինչ որ տեղից անպայման գործուղված են:

«Եթե մենք չենք կարողանում այդ համախմբմանը ընթացք տալ դա տգիտություն է: Եթե այդպիսի նախանձոտ վերաբերմունք կա` դա էլ տգիտություն: Նույնիսկ չեն բարեհաճում տեղեկացնել, չէ որ մենք նույն գործն ենք անում: Եթե այդ խմբին միանում է մեկ այլ խումբ` հզորանում են, չէ: Եթե այնտեղ լիներ ոչ թե 30 մարդ, այլ 8 հազար մարդ որոշումը այլ կլիներ, ես համոզված եմ»:

Արմեն Պողոսյանի վերջին ասածը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրաման օրը Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ հավաքվածների բողոքի ակցիային:

 

Back to top button