ԿարևորՀասարակություն

Կառավարությունը կօգնի կարկուտից տուժած գյուղացիներին՝ հնարավորության սահմաններում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարության  նիստի մեկնարկն այսօր բավականին թեժ է եղել: Կառավարության շենքի առջև միաժամանակ մի քանի բողոքի ակցիաներ են անցկացվել: Ակցիայի մասնակիցներին մոտեցել, նրանց խնդիրները մեկ անգամ ևս լսել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բարձրացված բոլոր հարցերին լուծումներ են խոստացվել, ավելին՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողենրի ծնողներին շաբաթ օրը կեսօրին կառավարության ղեկավարը խոստացել է ընդունել։ Գործադիրը հաջորդ շաբաթ կանդրադառնա նաև  Շիրակի մարզի  հարյուր տոկոսով կարկտահարված համայնքներին: Նրանց պետությունը կաջակցի, սակայն, հնարավորության սահմաններում։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում  Հայաստանի տարբեր մարզերում պարբերաբար տեղացած կարկուտը ոչնչացնում է  գյուղացիների բերքը: Վերջին կարկտահարված մարզը Շիրակն էր, որտեղ երեկ այցելել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այսօր արդեն կառավարության նիստում վարչապետը հայտարարեց, որ Շիրակի մարզի 21 համայնքում գյուղացիների բերքը  կարկտահարվել է հարյուր տոկոսով: Կառավարությունը գյուղացիներին կաջակցի, սակայն, հնարավորության սահմաններում: Համապատասխան գերատեսչությունները հաշվարկները պետք է հաշվարկները ներկայացնի մինչև հաջորդ հինգշաբթի։

Կառավարության հաջորդ նիստին  սպասում են նաև արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամները: Նրանք այսօր կառավարության նիստից առաջ զրուցեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:  «Զինվոր» հկ համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը կառավարության ղեկավարին ներկայացրեց իրենց խնդիրներն ու պահանջները։ «Եթե էլեկտրաէներգիան, ջուրը թանկանում են, ապա զոհվածների, ազատամարտիկների, անհետ կորածների ընտանիքների թոաշկներն էլ հինգ հազար դրամով ավելացրեք»,- ասում է։ Վարչապետն խոստացավ, որ հաջորդ հինգշաբթի որոշումը կընդունվի։

Երկու օր կսպասեն ու վարչապետի հետ կհանդիպեն նաև  խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Հիշեցնենք, շուրջ վեց տարի է, ինչ նրանք պայքարում են հանուն արդարարության: Իհարկե քրեական գործերը տարբեր են, սակայն պահաջն է  նույնը՝ բացահայտել, թե ովքեր են իրականում մեղավոր  իրենց որդիների սպանության համար։ «Արդեն երկու ամիս է անցել, ժամանակն անցել է, հիմա մենք ուզում ենք ձեր հետ հանդիպել, մի 15 րոպեով մեզ ընդունեք»։ Զոհվածներին ծնողներին էլ վարչապետը խոստացավ ընդունել շաբաթ օրը։

ՀՀ կառավարության նիստի օրակարգից, գործադիրը  2014թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում   փոփոխություններ և լրացումներ կատարեց,  որոնցով սահմանվեց, որ   ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության և Նիդերլանդների Թագավորության անվտանգության և արդարադատության նախարարության հայրենադարձության և մեկնման ծառայության միջև կնքված համաձայնագրով տրամադրվող դրամաշնորհն օգտագործվելու է Նիդերլանդներից հարկադիր վերադարձող 100 ՀՀ քաղաքացիներին վերաինտեգրման նպատակով։

«Փոքր բիզնես սկսելու կամ աշխատաշուկա մուտք գործելու աջակցության, ուսումնական կամ մասնագիտական վերապատրաստման, սոցիալական, իրավական, բժշկական աջակցության, ժամանակավոր կացարանի տրամադրման, օդանավակայանում դիմավորման և անհատական այլ կարիքների համար գումար կտրամադրվի:  Նիդերլանդներից հարկադիր վերադարձող Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու տրամադրելու է առավելագույնը 1000 եվրոյի աջակցություն»,- ասում է Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը։

2014թ. Միգրացիոն պետական ծառայության արտաբյուջետային հաշվին փոխանցվելու է ավելի քան 31 մլն, իսկ 2015թ.՝ մոտ 37 մլն դրամ։

Back to top button