Հասարակություն

Գագիկ Հարությունյան.«Սահմադրական կայուն դինամիկ զարգացումը Հայաստանում հայտնվել է փակուղում»

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումների շրջանակում այսօր կայացած միջազգային գիտաժողովի մասնակիցները փորձել են դիտարկել առաջարկվող փոփոխությունները ժողովրդավարական զարգացման համատեքստում: Այս հավաքը նախաձեռնել է Հանրային քաղաքականության, վերլուծության և երկխոսության «Ապելլա» ինստիտուտը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության օժանդակությամբ:

«Սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարական զարգացման համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովը շարունակվող հանրային քննարկումների շարքում առանձնացավ մասնագիտացված մոտեցմամբ: Իրավագետների քննարկեցին առաջարկվող փոփոխությունների հայեցակարգը մասնավորապես, և բարեփոխումների անհրաժեշտությունը ընդհանրապես:
Թեմայի շուրջ իրենց տեսակետներն են ներկայացրել մեր և օտարերկևացի մասնագետները: Տարբեր կարծիքների առկայությունը կարևոր է նման հավաքների համար, նշեց գիտաժողովի կազմակերպիչներից «Ապելլա» Ինստիտուտի տնօրեն Արմեն Մազմանյանը, ով չի տեսնում փոփոխություններ իրականացնելու խիստ անհրաժեշտություն:

Գործող Հիմնական օրենքին և Սահմադրական բարեփոխումների ծրագրին ծանոթ է Լեհաստանի սահմանադրական տրիբունալի նախկին անդամ, պրոֆեսոր Միրոսլավ Վիրզիկովսկին:  «Վերլուծելով սահմանադրական բարեփոխումները ես միշտ առաջնահերթ ուշադրություն եմ դարձնում մարդու իրավունքների ոլորտին: Կարևորում են դրանց իրական պաշտպանության ամրագրումը: Այս առումով առաջարկվող բարեփոխումները պետք դրական գնահատել»:

ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ղեկավար, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը շարունակվող հանրային քննարկումների ֆոնին կարևորեց մասնագիտական այս հավաքի անցկացումը: Ըստ նրա, օգոստոսի 22-ին կամփոփվեն հանրային քննարկման արդյունքները, հսկայական նոր նյութ կլինի, որը շատ օգտակար կլինի սահմանադրական բարեփոխումների հետագա ընթացքում: Բացի լայն հանրային քննարկումներից, հարցի շուրջ հանդիպումներ են անցկացվում արտասահմանցի հեղինակավոր մասնագետների հետ, ինչը թույլ կտա գտնել առավել արդյունավետ լուծումներ: Գագիկ Հարությունյանը կարևորեց համակարգային բարեփոխումների ամբողջական իրականացումը սահմանադրության միջոցով:
Նա կարևորեց էական բարեփոխումների իրականացումը, ինչը թույլ կտա խուսափել լրջագույն սահմանադրական ճգնաժամերից:

Իսկ սահմադրական կայուն դինամիկ զարգացումը Հայաստանում հայտնվել է փակուղում, քանի որ բոլոր օղակները փակ են, թողնելով միայն վիրահատական ճանապարհը՝ փոփոխությունների և նոր սահմանադրության ընդունման միջոցով, շեշտեց Գագիկ Հարությունյանը:

 

Back to top button