ԿարևորՀասարակություն

Ամռան շոգերը դեռ առջեւում են

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Օրացուցային ամառը կիսվեց, բայց իսկական ամառն ու շոգը դեռ առջևում են: Այսօրվանից հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ և ջերմաստիճանի բարձրացում 2-4 աստիճանով: Թեև ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը չի բացառում, որ առանձին վայրերում այնուամենայնիվ լինեն տեղումներ։

«Վաղը Արարատյան դաշտավայրում սպասվում է մինչև 36 աստիճան տաքություն, լեռնային շրջաններում առավելագույն ջերմաստիճանը կհասնի 29 աստիճանի, Տավուշում՝ 32, Սյունիքում՝ 36 աստիճանի: Հուլիսի 12-13-ին առավելագույն ջերմաստիճանը կհասնի 37 աստիճանի, հուլիսի 14-15-ին Արարատյան դաշտավայրի առանձին վայրերում չի բացառվում, որ ջերմաստիճանը կհասնի 38 աստիճանի։ Այսինքն՝ շոգը դեռ առջևում է, ամառը դեռ առջևում է: Սա համապատասխանում է նորմային»,- ասում է օդերեւութաբանը։

Օգոստոսին ևս սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան, իսկ տեղումները՝ նորմայից պակաս: Զարուհի Պետրոսյանը, սակայն, չբացառեց, որ ամռան առանձին օրերին լինի ջերմաստիճանի որոշակի նվազում։ «Չի բացառվում, որ առանձին վայրերում առանձին օրերին դարձյալ կարկուտ լինի, բայց դրա հավանականությունը գնալով փոքրանում է»։

Անդրադառնալով Սևանա լճի ջերմաստիճանին՝ Զարուհի Պետրոսյանը նշեց, որ այժմ ջրի ջերմաստիճանը 19 աստիճան է և չի բացառվում, որ օդի ջերմաստիճանի բարձրացմամբ ջրի ջերմաստիճանը նույնպես բարձրանա։

 

 

 

 

Back to top button