ԿարևորՀասարակություն

Քեսաբը զբոսաշրջային կենտրոն դարձնելու երազանքը Յասմինա Ազհարին չի կորցրել

Սիրանուշ Ղազանչյան
«Ռադիոլուր»

Գործարարար Յասմինա Ազհարի, ով երկու անգամ հեղինակավոր Ֆորբս ամսագրի կողմից ճանաչվել է Արաբական աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը, ներկայացնելու է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը Միացյալ Արաբական Էմիրություններում: «Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատն արդեն ունի ավելի քան 30 ներկայացուցիչ աշխարհով մեկ, և ես այն քիչ կանանցից եմ, ով ներկայացնելու է նրանց: Դա ինձ համար մեծ պատիվ է»,- «Ռադիոլուրի» հետ հարցազրույցում ասաց Յասմինա Ազհարին:

Նա առաջին անգամ Հայաստան է այցելել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ուղեկցող տնտեսական պատվիրակության կազմում: Դեռևս 2009 թ.-ին նա համագործակցություն է սկսել Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատին կից Գործարար կանանց աջակցման հիմնադրամի հետ: Նրանց համար երկու խոշոր ցուցահանդես է կազմակերպել Լաթաքիայում: Երբ երկու տարի առաջ տեղափոխվեց Դուբայ, կազմակերպեց նաև բիզնես ֆորում:

«Ֆորումին մասնակցում էր մեծ հայկական պատվիրակություն: Ես այն կազմակերպել էի Արաբական երկրների լիգայի հովանու ներքո գործող Արաբ կին գործարարների կոմիտեի և ԱՄԷ- ի գործարար կանանց կոմիտեի հետ համատեղ: Դա շատ մեծ իրադարձություն էր, որը, կարծում եմ, լավ հնարավորություն էր կապերի հաստատման և փորձի փոխանատման համար»,- ասում է նա։

Յասմինա Ազհարին ասում է, որ այժմ գործարար կապերին զուգահեռ անհրաժեշտ է զարկ տալ մշակութային համագործակցությանն ու տուրիզմի զարգացմանը: «Ես կփորձեմ նպաստել մշակութային կապերի զարգացմանը, քանի որ մի երկրում գործունեություն ծավալելու համար պետք է պատկերացում ունենալ դրա մշակույթի, բնության, տուրիզմի և այնտեղ ապրող մարդկանց մասին: Միայն դրանից հետո կարելի է խրախուսել տնտեսական կապերի զարգացումը»։

Տիկին Ազհարին այժմ սպասում է Առևտրաարդյունաբերական պալատի զեկույցին, որը ուսումնասիրելուց հետո պարզ կդառնա, որոնք են համագործակցության հնարավոր ոլորտները: Նա մտադիր է զարգացնել կապերը երկու ուղղությամբ՝ ներգրավելով ներդրումներ Հայաստան և հնարավորություններ ստեղծելով հայ ներդրողների համար գործունեություն ծավալել արտերկրում:

«Շատերն ինձ հարցնում են, թե ինչ եմ տեսնում Հայաստանում: Դուք շատ գեղեցիկ ու մաքուր երկիր ունեք, ինչպես նաև շատ բարեհամբույր մարդիկ: Սա տուրիզմի համար շատ լավ վայր է, բայց համոզված չեմ, որ դուք պատշաճ կերպով այն ներկայացնում եք դրսում»,- ասում է։

Նախքան Սիրիական պատերազմը Յասմինա Ազհարին հիմնել էր մի կազմակերպություն, որը զբաղվելու էր Քեսաբում և Սլենֆեյում անտառների պահպանությամբ, և առաջին նախագիծն իրականացվելու էր Քեսաբում:

«Ես արդեն քաղաքապետարանից ստացել էի տարածքը և ստացել էի ֆինանսավորում ՄԱԿ-ից: Դա իսկական ագրոզբոսաշրջային նախագիծ էր: Բայց պատերազմը սկսվեց, և մենք ստիպված էիք կասեցնել այն»։

Տիկին Ազհանին ասաց, որ ուզում էր Քեսաբը մի հատուկ վայր դարձնել, վերածել այն տուրիստական կենտրոնի:

«Հուսով եմ՝ պատերազմի ավարտից հետո կիրագործենք դա: Բազմաթիվ հայեր էին միացել այդ նախաձեռնությանը, քանի որ դա իրենց քաղաքն է: Ես ուզում էի դա նրանց համար անել: Սա մնում է իմ երազանքը, որը, հուսով եմ, մի օր իրականացնելու եմ»,- եզրափակում է Յասմինա Ազհարին։

 

Back to top button